2001թ.-ին Հայաստանը շատ մեծ շուքով միացավ ՄԱԿ Երեխաների իրավունքների կոնվենցիային: Այսօր մեր երկրում Կոնվենցիայի կետերը ձևականորեն պահպանվում են, կարիքավոր ընտանիքները ստանում են որոշ գումար, սակայն բովանդակային առումով մեծ անելիքներ ունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` նշելով, որ ներկայում մշակվում է Կոնվենցիայի ևս մի դրույթ, համաձայն որի՝ եթե պետությունները չեն պաշտպանում երեխաների իրավունքները, ՄԱԿ-ն իրավունք ունի պատժամիջոց կիրառել դրանց հանդեպ:
Նրա տվյալներով` 1989 թ.-ին Հայաստանում եղել են 3,337 արտա և նախադպրոցական հիմնարկներ, և երեխաները, բակերի փոխարեն, իրենց ժամանակն անցկացնում էին ճամբարներում: Ներկայում նախադպրոցականների ընդգրկվածությունը 25% է, իսկ ամառային ճամբարներից պահպանվել են 5-7-ը:
Ըստ Ա. Ադիբեկյանի` երեխան պատշաճ կերպով չի նախապատրաստվում դպրոցին, քաղաքում ամեն երրորդ երեխան, իսկ գյուղում՝ ամեն ութերորդն է գնում մանկապարտեզ: «Երեխան պետք է մեծանա խմբում, սովորի դերակատարումները»,- ասաց նա՝ հավելելով, որ դպրոցի ազդեցությունը երեխայի վրա 5% է, բակինը` 10%, ընտանիքինը` 85%, իսկ ԱՄՆ-ում հակառակն է:
«Եթե ուզում ենք հարատև զարգացող ազգ դառնալ, պետությունը պետք է մխրճվի ընտանիք և մասնակցի երեխայի դաստիարակությանը»,- շեշտեց Ա. Ադիբեկյանը:
Նա նշեց, որ երեխայի դաստիարակության ժամանակ ծեծն ընդունելի միջոց է համարվում, հատկապես աղջիկների դեպքում. 26%-ը գտնում է, որ դա պարտադիր է: Սակայն, ըստ Ա.Ադիբեկյանի, սեռական շեղումներ են առաջանում ծեծի և հոր դաստիարակության բացակայության պարագայում:
Սոցիոլոգի խոսքով՝ երեխան պետք է իմանա տեղական ու միջազգային օրենքներով իր իրավունքներն ու պարտականությունները, պետք է լինեն հատուկ մարմիններ, որոնք կհետևեն կոնվենցիայի դրույթների պահպանմանը:
«Լավ ուտելն ու լավ հագնվելը երրորդական խնդիր է, պետք բարոյահոգեբանական ճիշտ դաստիարակություն ստանան երեխաները»,- շեշտեց Ա. Ադիբեկյանը:
1in.am