ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ բրիտանական «BirthLink» ՀԿ-ն ազդարարում են նորածնային խնամքի բարելավմանն ուղղված ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, բարձրակարգ բուժսարքավորումներով ծննդատների վերազինման այս փուլն իրականացվելու է Հայաստանի 3 մարզի 10 ծննդատներում եւ մայրաքաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։
Ծննդատներն ունեն հատուկ սարքավորումների կարիք` հղիության ընթացքում կամ վաղաժամ ծննդաբերության ժամանակ
Հայաստանի տարբեր մարզերի ծննդատներն անհրաժեշտ բուժսարքավորումներով համալրելու ծրագիրն այս անգամ իրականացվելու է Տավուշում (Ճամբարակ, Իջեւան, Նոյեմբերյան, Դիլիջան), Գեղարքունիքում (Գավառ, Վարդենիս), Լոռիում (Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր) եւ մայրաքաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:
Երկու կազմակերպությունների համագործակցության արդյունքում հիշատակված մարզերի ծննդատները կհամալրվեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկներով, տաքացվող ներքնակներով, պուլսօքսիմետրերով, ֆոտոթերապիայի լամպով, թթվածնային շարժական բալոնով, օդափոխման համակարգով, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակներով, ներարկման մխոցներով, արտածծիչներով եւ պղպջակային SPAP-ներով:
«Արդեն հինգ տարի մեր ուշադրության կենտրոնում է մի ծրագիր, որի երկարաժամկետ արդյունքը մասնագետների գնահատմամբ տեսանալի է Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշի կրճատված վիճակագրությամբ: Մեզ հաջողվել է տարբեր մարզերի ծննդատներն ապահովել վերակենդանացման ինտենսիվ համակարգով եւ բուժաշխատողներին օգնել` հիվանդությունների դեմ պայքարում խոցելի այս խմբին փրկելու հարցում: Մենք չենք կարող լինել դիտորդի դերում: Նորածինների կյանքին սպառնացող պոտենցիալ վտանգը պարտավորեցնում է լինել նախաձեռնող»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանկական մահացության համաշխարհային վիճակագրությունը (կյանքի առաջին տարվա ընթացքում ավելի քան 4մլն) ընդգծում է բժշկագիտության մեջ նեոնատալ խնամքի կարեւորությունը:
Մասնագետներն արձանագրում են, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BirthLink» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 11 տոկոսով: