Երեխան արդեն հասել է դպրոցական տարիքին:
Հենց այդ տարիքից նրա կյանքը հիմնովին փոխվում է: Ամեն ինչ փոխվում է նաև ծնողների կյանքում. նրանց փոքրիկն արդեն մեծացել է և անճանաչելիորեն փոխվել: Եվ այսպես, պարզաբանենք, թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ անցումային տարիքում:
Ու՞ր է գնում մանկությունը
6-7 տարեկանը հոգեբանության մեջ ընդունված է անվանել ճգնաժամային: Առաջ փոքրիկը զբաղվում էր իր գործերով՝ առանց մտածելու հետևանքների մասին: Այժմ նա պետք է մտածի՝ ինչ կլինի եթե անի այսինչ բանը: Նա սկսում է նախօրոք մտածել իր արածի հետևանքների մասին:
Հետևություններ է անում
Երեխան սկսում է վերլուծել իր արարքները: Առաջ անհաջողությունը տխրեցնում էր նրան, բայց դա չէր ազդում իր ինքնագնահատականի վրա: Այժմ լավ և վատ ապրումները ամրագրվում են նրա հիշողության մեջ և նա փորձում է վերլուծել դրանք: Նա սկսում է հետևություն անել՝ «ինչպիսին եմ ես» և «ինչպես են ինձ վերաբերվում շրջապատում»: Հենց այս ենթադրություններն ու հետևություններն էլ անմիջականորեն ազդում են երեխայի պահվածքի և ինքնագնահատականի վրա:
Ուզում եմ, բայց չեմ կարողանում
Երեխաները ցանկանում են որքան հնարավոր է շուտ մուտք գործել մեծերի աշխարհ ու տեսնել՝ ինչ կա այնտեղ: Այս դեպքում նրանց անհրաժեշտ են ոչ թե վերահսկող, այլ օգնող ծնողներ:
Երբեմն այս ամենը ոչ թե դպրոցական տարիքում է արտահայտվում, այլ դրանից շատ ավելի վաղ՝ 5 տարեկանում: Ծնողների խնդիրն է ուսումնասիրել երեխայի պահվածքն ու հասկանալ՝ ինչպես կարելի է օգնել երեխային:
Եթե դուք նկատել եք, որ ձեր երեխան ձանձրանում է մանկապարտեզում, հրաժարվում է նախկինում իր սիրելի խաղերից, ապա ժամանակն է սովորելու: Սովորել չի նշանակում նստել դպրոցական նստարանին, կարելի է հաճախել երաժշտական դպրոց կամ սովորել նկարչություն:
Յոթ տարեկանի ճգնաժամ
Անցումային այս տարիքում երեխաները պետք է սովորեն ամենակարևորները՝ ընկերություն անել, լինել ինքնավստահ ու սովորել: Ծնողներին մնում է միայն քաջալերել երեխային ու ճիշտ խորհուրդներով լինել նրա կողքին: