Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման արդյունքները մտահոգության տեղիք չեն տալիս. մասնագետներ

Երևանում այս օրերին ընթանում էր «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում․ ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին տարբեր երկրների վարակաբաններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ։ 

Հանդիպման ժամանակ մասնագետները հատուկ անդրադարձան տարբեր երկրներում մարդու պապիլոմավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերին:  

 

Իռլանդիայում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ներդրման առաջին իսկ տարում արձանագրվել է մինչև 80 տոկոս ընդգրկվածություն, սակայն Ճապոնիայի և Դանիայի հակաքայլերի հետևանքով այդ թիվը նվազել է` հասնելով  50 տոկոսի: «Հակաքարոզչությունը Իռլանդիայում որոշ մտահոգությունների տեղիք տվեց, սակայն գիտական հենքի վրա կազմված կրթական ծրագրերը տվեցին իրենց արդյունքները»,-ասաց ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորան՝ արձանագրելով, որ այսօր արդեն Իռլանդիայում գրանցվել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների 67 տոկոս ընդգրկվածություն։ 

Այս երկրում պատվաստվող աղջիկներից 10-ից 7-ի մոտ քաղցկեղը կանխարգելվում է: «Փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցկեղի դեմ բուժումը կնոջ մոտ հնարավոր է անպտղության հանգեցնի, մինչդեռ պատվաստման արդյունքում վերարտադրողական առողջությունը կարող է ավելի ամուր լինել։  Ճիշտ ուղերձն է պետք տեղ հասցնել` գիտական հիմքերով,  այլ ոչ սիրողական, հուզական ենթադրություններով»,-իր խոսքը եզրափակեց  Բրենդա Կորկորան։

Մոլդովայում պատկերը նույնն է, ինչ Իռլանդիայում։ Ըստ Մոլդովան ներկայացնող համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցեբանի՝ Մոլդովայում պատվաստումների գործընթացում ներգրավվածությունը հասնում է 65 տոկոսի: «Մենք ակտիվ ենք սոցցանցերում, ակտիվորեն աշխատում ենք առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ: Մեր երկիրը քաղցկեղի այս տեսակի բուժման համար տարեկան ծախսում էր շուրջ 200 հազար դոլար: Նույնքան կազմում է պատվաստման գործընթացը: Ստացվում է, որ մենք այլևս ծախս չենք անում բուժման համար՝ միաժամանակ փրկելով 100 կնոջ կյանք»,-նշում է Ալեքսեյ Ցեբանը: 

Խոսելով Արգենտինայի փորձի մասին՝ պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիմանը նշեց, որ արդեն 20 տարի է՝ Արգենտինան աշխատում է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման ուղղությամբ և լավ արդյունքներ է գրանցում։