Մանկապարտեզներ, որոնց դռները փակ են շատ երեխաների առջև

Մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից զրկված են ոչ միայն Երևանում, այլև մայրաքաղաքին մոտ ու հեռու բնակավայրերում ապրող երեխաները: Ընդ որում, մյուս քաղաքներում մանկապարտեզները, ի տարբերություն Երևանի, վճարովի են: Նույնիսկ 6-8 հազար դրամ վճարելու դեպքում աշխատող ու չաշխատող ծնողները չեն կարողանում իրենց երեխաներին մանկապարտեզում տեղավորել: Մյուս ոլորտների նման այստեղ էլ

գործը հեշտ գլուխ բերելու համար ստիպված ես վերևներում մի լավ ծանոթ ունենալ:

Panorama.am-ը ահազանգեր է ստացել Արմավիրի մարզի Էջմիածին, Հոկտեմբերյան քաղաքներից:

Երևանում աշխատող ծնողները ոչ մի կերպ չեն կարողանում 2.5 տարեկան երեխային քաղաքում գործող մանկապարտեզներից մեկում տեղավորել: «Խմբերը գերբեռնված են, թույլատրելի չափն էլ այս պահին գերազանցված է»,-պատճառաբանում է տնօրինությունը: 

Հոկտեմբերյանի մանկապարտեզներից մեկում էլ ուշագրավ դեպք է արձանագրվել: Երբ ծնողները ցանկացել են երեխային արդեն ավելի երկար թողնել մանկապարտեզում, որպեսզի երեխան այնտեղ նաև քնի, դաստիարակը սկսել է համոզել, որ չթողնեն: Հետո պարզվել է, որ երեխային քնացնելու համար մահճակալ չկա: Որոշվել է, որ այս երեխան էլ ուրեմն մեկ ուրիշի հետ ոտ ու գլուխ է քնելու:

Հետաքրքրիր է, արտագաղթի բարձր ու ծնելիության համեմատաբար ցածր ցուցանիշների ֆոնին շատ բնակավայրեր կանգնած են այս խնդրի առաջ: Ինչո՞ւ: Տեղական կառավարման մարմինները ի վերջո կարող են չէ՞ մի պարզ հաշվարկ կատարել, ասենք այսքան բնակչություն ունեցող համայնքին պետք է այսինչ թվով մանկապարտեզի շենք այսինչ թվով խմբերով: Չենք էլ խոսում այն մասին, որ որոշ համայնքերում ոչ միայն մանակապարտեզ չի գործում, այլև դպրոց: Ու հիմնական կրթության ստանալու համար ծնողները ստիպված իրենց երեխաներին ամեն օր գյուղից գյուղ են տեղափոխում:

Սահմանդրության 39 հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք»: Փաստորեն, այս դեպքում հենց պետական մարմինների կողմից խախտվում է մանկահասակ ու ոչ մանկահասակ երեխաների կրթություն ստանալու իրավունքները:

Աղբյուրը` Panorama.am