Հայաստանում՝ Որոտան գետի կիրճում, ապրում են հեքիաթային փերիները: Նրանց Տաթևիկ են անվանում: Նրանք բոլորովին վերջերս են այստեղ եկել՝ ճիշտ այն օրն ու ժամին, երբ աշխարհում ամենաերկար օդային ուղու՝ «ՏաԹևերի» ճոպանով սլացավ առաջին խցիկը: Ձմռանը, երբ սարերում ցուրտ է, և խցիկները հանգստանում են, փոքրիկ փերիները փորձում են կիրճի տաք աղբյուրների մոտ լինել կամ թաքնվում են ճոպանուղու հզոր մեխանիզմներում:
Տաթևիկների մի խումբ թռչում է կիրճի վրայով, և երկնքում յոթագույն ծիածանն է հայտնվում: Մյուսները, ասես փոքրիկ բալիկներ, հրճվում են ծիածանով, սահում են դրա վրայով, խառնվում են գույներին: Մի ուրիշ խումբ էլ հեծանիվով անցնում է օդային անցուղու ճոպանների վրայով կամ էլ պարզապես ճոճվում են դրանց վրա: Իսկ ոմանք էլ ուղեկցում են ճոպանուղու այցելուներին՝ բարձրացնելով բոլոր նրանց տրամադրությունը, ովքեր առաջին անգամ են որոշել նստել ճոպանուղի և անցնել այդ հոգեցունց ուղին: Չէ՞ որ Տաթևիկը հզոր մեխանիզմի բարի հոգին է: Փերիները ոգևորում են նրանց, ովքեր մի փոքր վախենում են բարձրությունից, բայց հաղթահարելով սեփական վախը՝ աննկարագրելի հաճույք են ստանում թռիչքային զգացողությունից:
Տաթևիկն ուղեկցում է նրանց, ովքեր դեմ չեն փոքրիկ, չարաճճի հեքիաթային, թևավոր մարդուկի ընկերակցությանը: Իսկ քանի դեռ դուք ճախրում եք կիրճի վրայով, հիանալով այս զարմանալի տեղանքի գեղեցկությամբ, նրանք պտտում են մեխանիզմները, մաքրում են ճոպանները, հրում են խցիկները, թռչում են դրանց շուրջ: Իսկ հետո՞: Հետո նստում են վերջին կանգառում և սպասում, թե երբ են ուղևորները վերադառնալու հետաքրքրաշարժ զբոսանքից, որպեսզի նրանց ճանապարհեն հետ:
Իհարկե սա հեքիաթ է: Բայց նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են այս հեքիաթին, հուսով են, որ մեր Տաթևիկը կանցնի ողջ երկրագունդը և կմտնի յուրաքանչյուր տուն՝ հիշեցնելով Հայաստանի ու խորը կիրճի վրայով անմոռանալի թռիչքի մասին: Բայց դրա համար անհրաժեշտ է մարմնավորել նրա կերպարը՝ թղթի, կավի, փայտի, մետաղի, ծեփի միջոցով:
Տաթևիկը շատ տարբեր ու բազմազան կարող է լինել: Թե ինչպիսին, որոշում են երեխաները, ովքեր կմասնակցեն այս հետաքրքիր ստեղծագործական մրցույթին: Ամեն ինչ կախված է երևակայության թռիչքից: Հարցրեք ինքներդ ձեզ առաջին հայացքից անհավանական թվացող ամենատարբեր հարցերը:
Իսկ ինչպիսի՞ն է նա՝ իմ Տաթևիկը:
Ի՞նչ մազեր ունի:
Արդյո՞ք Տաթևիկը բրեկետներ է կրում:
Ինչպե՞ս է նա հագնվում:
Ի՞նչ է նա անում, քանի դեռ սպասում է իր հյուրերին:
Ինչի՞ մասին է խոսում իր ընկերուհիների հետ:
Արդյո՞ք նա ունի երկրպագուներ:
Ինչի՞ մասին է երազում մեծ մեխանիզմի փոքրիկ փերին:
Մտածեք, գտեք պատասխանները և կերտեք ձեր Տաթևիկի ամենաանհավանական կերպարները: