Համացանցում աննախադեպ հռչակ է ձեռք բերել տեսահոլովակը, որում աուտիզմով տառապող 6-ամյա տղան կատարում է 1973 թվականի Բիլի Ջոելի Piano Man հիթը, հաղորդում է Newsru.com-ը` վկայակոչելով The Daily Telegraph-ին:
Քոնեքթիքութի բնակիչ փոքրիկ Իթան Ուոլմարքը տառապում է աուտիզմի տեսակներից մեկով, որի ժամանակ խախտված է շփման եւ սոցիալական փոխազդեցության ֆունկցիան: Ընդ որում, տղան ունի երաժշտական տաղանդ, որը նրան որպես բուժում է ծառայում:
Տեսագրությունն առաջացրել է համացանցից օգտվողների բուռն արձագանքը: Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այն հավաքել է ավելի քան 600 հազար դիտում:
Ընդ որում, ինչպես նշում է The Washington Post-ը, Իթանի կատարումը տեսել է աձամբ Բիլի Ջոելը, եւ, ըստ երաժշտի, տպավորված է եղել: «Ես կարծում եմ` ինձ Piano Man-ի նրա կատարումն ավելի է դուր գալիս, քան իմը: Այդ երեխան ավելի մեծ էներգիայով է նվագում, քան ես: Հավանաբար, նա կարող է ինձ որոշ բաներ սովորեցնել», - ասում է Ջոելը:
News.am