Կրծքով սնուցումը Հայաստանում տարեկան կարող է 60 երեխայի կյանք փրկել. Հանրային ռադիո

Կրծքով սնուցման խրախուսման միջոցով մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերը հնարավոր է նվազեցնել  13%-ով:

Ավելին, եթե բոլոր երեխաներին կյանքի առաջին վեց ամիսներին կերակրեն բացառապես կրծքով՝ աշխարհում տարեկան 1,4 մլն մանկան կյանք կփրկվի, տասնյակ միլիոնավոր երեխաներ էլ ավելի առողջ կլինեն՝ նշում են մասնագետները։

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը 4 թոռնիկի տատիկ է, որոնք մինչեւ 6 ամսականը սնվել են մայրական կաթով։ Տիկին Սարիբեկյանն այսօր նշեց, որ 1994 թվականին, երբ ակտիվորեն գովազդվում էր կաթնախառնուրդներով սնունդը, երեխաների միայն 0.007 տոկոս է սնվել բացառապես կրծքով։ Այսօր ցուցանիշը բարձրացել է՝ հասնելով 45 տոկոսի:

Մայրերի գիտակցությունն է բարձրացել, որ կրծքով համապատասխան սնուցումը մանկական մահացությունը նվազեցնելու և երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է։

Կրծքով սնուցումը ոչ միայն նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, այլև մոր և մանկան միջև ներդաշնակ կապ է ստեղծում։ Այսօր շատ մայրիկներ իրենք են գովազդում եւ ներկայացնում կրծքով սնվելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը: « Իսկ այս կամ այն պատճառով կրծքով կերակրելուց հրաժարվող մայրերն անհարմար են զգում դրա մասին բարձրաձայնել: Դա խոսում է մարդկանց գիտակցության բարձր աստիճանի մասին»,- նշում է «Ընտանիքի ակադեմիա»  ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը՝ ամփոփելով «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները:

Վերջինս իրազեկման ծրագիր է, որը մեկնարկել է հանրապետության 4 մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում եւ Երեւանում՝։ Այս ընթացքում կազմակերպվել է «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ, բացվել են կրծքով կերակրման սենյակներ, տարածվել խրախուսական պաստառներ։

 

Այսօր առցանց քվեարկության ընթացքում հաղթած մայրիկներն ստացան մրցանակներ: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը հպարտությամբ էր խոսում իր երկու թոռների մասին, որոնք նույնպես մեծացել են առանց կաթնախառնուրդների, եւ նշում, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

Աղբյուրը`armradio.am