Հարցերին պատասպանում է «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնի տնօրեն Դիանա Գրիգորյանը
Ի՞նչ գործունեություն է իրականացնում կենտրոնը
«Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնը պաշտոնապես գործում է 2005 թվականից, սակայն 2002 թվականից սկսել է իր գործունեությունը: Կենտրոնի նպատակը երեխաների ներդաշնակ զարգացմանը նպաստելու գործընթացի կազմակերպումն է: Այստեղ ցուցաբերում ենք ինչպես հոգեբանական, այնպես էլ մանկավարժական և դաստիարակչական աջակցություն:
Կենտրոնում գործող ծրագրերը նախատեսված են 1 տարեկանից սկսած երեխաների համար: Ունենք երկարացված և ամենօրյա օրակարգերով գործող, ինչպես նաեւ շաբաթական 1, 2, 3 անգամ հաճախելիությամբ ծրագրեր, որոնք տևում են 1-2 ժամ:
Նախակրթարանի ամենօրյա օրակարգով ծրագրում ունենք երկու տարիքային խմբեր ` նախատեսված 2-3 և 3-6 տարեկան երեխաների համար: 2-3 տարեկանների ենթախմբի կեսօրյա օրակարգը ժամը 09:00-13-00 է, երկարօրյան` 09:00-18-00: 3-6 տարեկանների ենթախմբի կեսօրյա օրակարգում ընդգրկված երեխաները կենտրոնում անցկացնում են 6 ժամ՝ 09:00-15:00-ը, երկարօրյաները` 09:00-18:00:
Փոքրերի ենթախմբում բոլորը միանշանակ քնում են, իսկ մեծերի ենթախմբում ունենք երեխաներ, որ քնում են, երեխաներ կան, որ չեն քնում, այսինքն` ծնողների ընտրությամբ:
Մեզ մոտ աշխատում են հոգեբան-մանկավարժներ, ովքեր յուրաքանչյուր երեխայի համար մշակում են անհատական զարգացման ծրագիր: Ամսվա վերջին նրանք կատարում են իրենց դիտարկումները յուրաքանչյուր երեխայի համար, մենք քննարկում ենք և նպատակներ դնում հաջորդ ամսվա համար:
Կրթական ծրագրում կարևորում ենք ծնողների հետ համագործակցությունը: Երկու ամիսը մեկ ունենում ենք երկխոսության օրեր, որոնց ընթացքում քննարկում ենք տվյալ ժամանակահատվածում երեխայի ունեցած ձեռքբերումներն ու դժվարությունները:
Ինչի՞ վրա եք շեշտը դնում երեխաների հետ աշխատելիս
Նախակրթարանը մշակել է հեղինակային ծրագրեր, որոնց համար հիմք են ծառայել բազմաթիվ հոգեբանամանկավարժական մոտեցումներ, ինչպես նաև Մարիա Մոնտեսորիի և Ռեջիո Էմիլիայի մոտեցումները, որոնք շատ հետաքրքիր են: Այս ծրագրերով աշխատանքը հնարավորություն է տալիս երեխային դառնալ ազատ մտածող, ինքնուրույն, հավասարակշռված, բազմաթիվ կարողություններով օժտված: Հաշվի առնելով երեխայի կարողություններն ու մտածելակերպը` կազմակերպվում է երեխայի կրթական գործընթացը:
Մեր հիմնական մոտեցումն է՝ շեշտը դնել ոչ թե նոր գիտելիքի պաշարի կուտակման, այլ երեխայի մոտ մտածողության որոշակի կարողությունների զարգացման վրա: Նրանք սովորում են բացահայտել, հասկանալ, պատճառաբանել, հիմնավորել և հետագայում կարողանում են ճիշտ եզրահանգումներ անել:
Նախակրթարանի հիմնական նպատակներից մեկը երեխային լիարժեք դպրոցին նախապատրաստելն է: Եթե երեխան չունի ինքնուրույն սովորելու կարողություն, ուշադիր լսելու, առաջադրանքը միչև վերջ կատարելու, դասերն ինքնուրույն կատարելու կարողություն, հետո շատ դժվար է լինում, քանի որ մայրիկները ստիպված են լինում կամ իրենք սովորեցնել, կամ էլ դիմել դասապատրաստում իրականացնող կազմակերպությունների: Մեր կենտրոնի երեխաները լիովին պատրաստված են լինում դպրոցին, և ծնողին մնում է միայն լինել հետևողական և վերահսկել գործընթացը:
Զարգացման ո՞ր ուղղություններն եք կարեւորում երեխայի համար
Առանձնացնում ենք մի քանի ոլորտ՝ լեզվամտածողություն, տրամաբանական, ստեղծագործական մտածողություն, սոցիալական զարգացում, ինքնասպասարկում: Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում երեխայի հոգեբանական առանձնահատկություններին, դժվարությունների հաղթահարմանը կամ կանխարգելմանը:
Նախակրթարանի ծրագրերի մեջ ուսուցումը կառուցված է հետազոտության սկզբունքով: Երեխաներն իրենց աշխարհաճանաչողությունը սկսում են որոշակի թեմաներով, օրինակ՝ իմ ընտանիքը, իմ բակը, իմ քաղաքը և հասնում են մինչև տիեզերք:
Ո՞րքան է ամսական վճարը նախակրթարանում
Փոքրերի` 2-3 տարեկանների ենթախմբի արժեքը 09:00-13:00-ի օրակարգի դեպքում 50.000 դրամ է, որը ներառում է 2-անգամյա սնունդ, զարգացնող պարապմունքներ, իսկ 09:00-18:30-ը` 70.000 դրամ, որը ներառում է 4-անգամյա սնունդ, զարգացնող պարապմունքներ: 3-6 տարեկանների ենթախմբի կեսօրյա օրակարգը՝ ժամը 09:00-15:00-ն արժե 60.000 դրամ՝ 2-անգամյա սնունդով, իսկ 09:00-18:00-ը` 70.000 դրամ՝ 3 անգամյա սնունդով:



