Ընտանիքում եռյակ ծնվելու դեպքում յուրաքանչյուր երեխայի համար տրվում է 1 միլիոն դրամ. Անահիտ Գալստյան

Օրենսդրական կարգավորումների համաձայն` եթե ընտանիքում ծնվում է մեկից ավելի երեխա, ապա նպաստը վճարվում է բարձր կարգաթիվ ունեցող երեխայի չափով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտանիքում մեկից ավելի երեխաներ ծնվելու դեպքում միանվագ նպաստն ինչ կարգով է հաշվարկվում:

«Եթե ծնվում է մեկ երեխա, տրվում է 50 000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում կարգաթիվը 2 է՝ դարձյալ տրվում է 50 000 դրամ, եթե ընտանիքում արդեն կա երկու երեխա, և ծնվում է երրորդը, ապա այդ երրորդ երեխայի կարգաթիվը 3 է, և այդ 3 կարգաթվի համար արդեն տրվում է 1 մլն դրամ»,-ասաց Անահիտ Գալստյանը:


Հարցին, թե ընտանիքում եռյակ ծնվելու դեպքում հարցն ինչպե՞ս է կարգավորվում, Անահիտ Գալստյանը պատասխանեց.

«Ամենաբարձր կարգաթիվը 3-ն է այդ դեպքում, նշանակում է յուրաքանչյուր երեխային կտան 1 միլիոն դրամ, որից յուրաքանչյուր երեխայի հաշվով 500 հազար դրամ կտրամադրվի կանխիկ եղանակով, իսկ 500 հազար դրամն արդեն կտրամադրվի ընտանեկան դրամարկղին՝ այդ երեխաների անուններով բացված հաշվեհամարներին»:

 

Աղբյուրը՝ tert.am