Հայաստանում կա էնտերովիրուսով հիվանդ 40 երեխա. մասնագետները խուճապի մատնվելու պատճառ չեն տեսնում:
Երեք տարեկան Գեղամը երկու օր առաջ է հիվանդանոց ընդունվել: Երեխան թույլ է, ունի փորլուծություն և սուր գլխացավ: Առաջին օրերին փոքրիկը նաև հրաժարվել է սննդից, միայն ջերմել է ու փսխել: Տղայի մոտ հայտնաբերվել է էնտերովիրուս: Փոքրիկ Գեղամի հարևան հիվանդասենյակում ևս երեխաներ են, որոնք հիվանդանոցում են արդեն մի քանի օր:
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում Էնտերովիրուսով երեխաներ շատ կան: Գրեթե ամեն օր նոր հիվանդներ են ընդունվում: Հակահամաճարակային տեսչության ամենօրյա մոնիթորիգնի տվյալով` Հայաստանում կա էնտերովիրուսով հիվանդ 40 երեխա: Բոլորն էլ հիվանդանոցում են` բժիշկների հսկողության տակ:
Վիրուսի արձանագրված դեպքերը սխալ է առայժմ նույնիսկ բռնկում անվանել: Մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանում էնտերովիրուսի բռնկում երբևէ չի եղել: Բայց հիվանդության համաճարակներն աշխարհում հայտնի են` հիմնականում ԱՄՆ-ում ու Չինաստանում: Էնտերովիրուսն աղիքային վարակիչ հիվանդություն է, որն արտահայտվում է մենինգիտով:
Էնտերովիրուսի զարգացման ու տարածման համար տարիքային սահմանափակում և սեզոնայնություն չկա: Թեև հիվանդությունը սուր է արտահայտվում ամռանն ու աշնանը: Մեծահասակների օրգանիզմը կարողանում է հեշտությամբ դիմակայել վիրուսին ու ծանր ընթացք չի ստանում, դա է պատճառը, որ վիճակագրություն կազմելիս մասնագետները հաշվում են տարածվածությունը միայն երեխաների շրջանում:
Էնտերովիրուսից խուսափելու համար բավարար է պահպանել հիգիենայի տարրական կանոնները` լվանալ ձեռքերը, մրգերն ու բանջարեղենը, օդափոխել սենյակն ու երեխաներին թույլ չտալ լողալ դեկորատիվ ու բացօթյա լողավազաններում: Պետք է նաև խուսափել դրսում վաճառվող սննդից և չտարվել ֆասթ ֆուդով: