Օրեր առաջ 5-ամյա Արթուր Սուլեյմանյանի ծնողներից Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում պահանջել են 18 000 դրամ երեխայի աչքի բուժման համար:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արթուրի հայրը` Արման Սուլեյմանյանը նշեց, որ գումարը պահանջել են «կոնսուլտացիայի եւ լուսային բուժման համար»:
Սուլեյմանյանը նշում է, որ նախնական այցի ժամանակ հետազոտվել են անվճար, սակայն անակնկալի են եկել,
Սուլեյմանյանը պահանջել է փաստաթուղթը, որը կապացուցի, որ ծնողը պարտավոր է վճարում կատարել երեխայի բուժման համար: Բյուրոկրատական քաշքշուկից հետո փաստաթուղթը տրամադրվել է, որտեղ ըստ Սուլեյմանյանի կարմիր մարկերով ընդգծված էր, որ «Մալայան» կենտրոնը կարող է իրականացնել նաեւ վճարովի ծառայություն:
Այս հարցն ակտիվորեն քննարկվում է կայքերում, եւ Սուլեյմանյանը զարմանք է հայտնում, որ առողջապահության նախարարությունը նույնիսկ չի փորձել իրենից պարզաբանումներ ստանալ: Նշում է, որ ընդամենը դեպքից ժամեր անց նախարարության կայքում տեղադրվում է հայտարարություն, որ հայեցակարգը չի փոխվել եւ մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է եւ Արթուր Սուլեյմանյանի խնդրով ստեղծված է հանձնաժողով:
«Մալայան» ակնաբուժական կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Սմբատ Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պետության հատկացրած 4 000 000 դրամը վերջացել է, իսկ դրանից հետո ինչ արել են, արել են օրենքի սահմանում եւ ունեն բոլոր փաստաթղթերն ու փոխադարձ ակտերը:
Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մալայանը նշեց, ամեն ինչ օրինական է, քանի որ այդ գումարն ինչ-որ մեկը չի գրպանել. - «Այստեղ պահանջվել է այնքան, որքան որ հասանելի է վճարման համար համապատասխան դրամարկղ, ինչո՞ւ, որովհետեւ սովորաբար մեր բյուջեն, որը մեզ պետությունը տրամադրում է տարվա սկզբին, ունի սահմաններ, տվյալ դեպքում մենք այդ սահմանն արդեն անցել էինք»:
«Օրինակ, անցյալ տարի մենք անցել ենք այդ թիվը 4 600 000-ով, եւ այդ գումարը, այսպես ասած, մնացել է օդում կախված: Այս տարի մենք արդեն մոտենալուց դիմեցինք նախարարությանը, որ մեզ թույլ տան կամ հերթագրել կամ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր չեն ուզում սպասել եւ պատրաստ են վճարել: Մենք դիմել ենք հենց մայիսի 6-ին, իսկ պատասխանը ստացել ենք 14-ին: Թույլատրությունից հետո 115 հոգու վճարովի սպասարկել ենք», - պարզաբանեց Մալայանը:
Նշեմ, որ 2011 թվականից ներդրվեց երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը համաձայն որի մինչեւ 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնությունն իրականացվում է անվճար:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե բժշկական ինչ ծառայություններ են ընդգրկված անվճար բուժօգնություն ասվածի մեջ, Առողջապահության նախարարության մոր ու մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը պատասխանեց. - «Դրա մեջ մտնում է դեղորայքային ապահովումը, հետազոտությունները եւ բուժման հետ կապված բոլոր միջամտությունները, ընդհուպ մինչեւ վիրահատություն»:
Հղում անելով օրենքին` հարց ուղղեցինք պրոֆեսորին, թե արդյոք «Մալայան» ակնաբուժական կենտրոնը օրենքը չի շրջանցել: Մալայանը պատասխանեց. - «Համենայն դեպս, ինձ համար օրենքը նախարարությունն է, նախարարի գլխավորությամբ ես այդպիսի հնարավորություն ունեմ, դրա համար էլ դիմել էի ու իմ դիմումն այդպիսի պատասխան ստացավ: Եթե մեկնաբանություններ եք ուզում, ես համարում եմ, որ դա ճիշտ է: Ես խորհրդակցել եմ ե'ւ իրավաբանների հետ, ե'ւ կազմակերպիչների առողջապահության, ասել եմ ստեղ որեւէ տարր կրիմինալի կա՞, ասել են` ոչ: Ասել են` ինչ որ օրենքը չի արգելում, կարելի է: Իսկ օրենքը չի արգելում::
Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետի խոսքով, դեպքի շուրջ նախարարի հանձնարարությամբ կազմվել է հանձնաժողով, եւ հանգամանքները պարզաբանվելուց հետո, արդյունքները կհրապարակվեն:
Հասմիկ Գրիգորյան
Azatutyun.am