Շոգ եղանակին պետք է ուշադիր լինել արհեստական սնունդ ընդունող երեխաների նկատմամբ

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը այսօրվա ասուլիսին նշեց, որ շոգ եղանակին կրծքով կերակրվող երեխաները նվազագույն խնդիրներ են ունենում, սակայն արհեստական սնունդ ընդունող երեխաների նկատմամբ հատկապես պետք է ուշադիր լինել. չի կարելի պատրաստել կաթնախառնուրդներն ու վերցնել դուրս գնալիս՝ հետո կերակրելու համար։ Չօգտագործված սնունդը պետք է թափել, ոչ թե պահել և ժամեր անց նորից տալ երեխային, փոքրիկների գլուխը դրսում արևից պաշտպանել գլխարկով կամ հովանոցով, հագուստ ընտրելիս ուշադիր լինել, որ այն լինի բնական նյութերից, շնչող՝ մարմնին չհպվող և բաց գույների։ Փոքրիկներին հաճախ լողացնել, ձեռքերն ու երեսը լվանալ։

Tert.am-ի՝ «Ամառ-ձմեռ չի փոխվում մանկապարտեզների ռեժիմը և երեխաներին բակ տանելու համար սահմանված ժամն է մնում 11։30-ը։ Արդյո՞ք ճիշտ չէ, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ քաղաքապետարանը մշակի նախակրթարանների ռեժիմ եղանակին համապատասխան» հարցին ի պատասխան՝ Նունե Բակունցը նշեց, որ առողջապահության նախարարությունն ուղղակի զգուշացնում է, սակայն իրավական-աշխատանքային ռեժիմների նորմեր սահմանելն իր իրավասությունների մեջ չէ։

«Մանկապարտեզը ստվեր էլ ունի, բեսեդկա էլ ունի. չեմ կարծում, որ դա մեծ խնդիր ա, մեր ասած ժամի հետ դա մի կես ժամվա խնդիր ա։ Ծնողներն էլ համապատասխան առաջարկով կարող են դիմել իրենց մանկապարտեզի տնօրենին, որ ռեժիմը մի քիչ փոփոխվի»,- ասաց նա՝ հավելելով, որ դաստիարակները հասկանում են դա և եթե օրը շատ է շոգ լինում, իրենք, թերևս, փոխում են այդ ժամը։ Այնուամենայնիվ, ԱՆ պաշտոնյան խոստացավ, որ ինքն էլ խնդրին հետամուտ կլինի և որոշակի առաջարկով կդիմի քաղաքապետարանին։