Անցյալ տարվա դեկտեմբերին Երեւանում բացված «Նեմո» դելֆինարիումն իր մեջ համակցել է դելֆինարիումը եւ դելֆինոթերապիայի կենտրոնը: Ուկրաինացի հոգեթերապեվտ Վիտալի Պրոսկուրան եւ դելֆինոթերապեվտ Աննա Մանուկյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում պատմել են դելֆինոթերապիայի ծագման պատմության, պրակտիկ դասընթացների եւ Հայաստանում տվյալ ուղղության զարգացման մասին:
«50-ականներին արեւմտյան եւ սովետական հատուկ ծառայությունների մոտ միտք էր ծագել օգտագործել դելֆիններին ռազմական նպատակների համար: Այդ ուսումնասիրությունների ընթացքում կենսահոգեբանները բացահայտել էին, որ դելֆինները շատ դրական ազդեցություն են գործում իրենց հետ աշխատող մարդկանց վրա: Այդ ժամանակ էլ դելֆինոթերապիայի առաջին փորձերն արվեցին առողջական խնդիրներ ունեցող մեծահասակների եւ երեխաների հետ»,- պատմել է Վիտալի Պրոսկուրան:
Հայաստանում դելֆինոթերապիայի սեանսները սկսել են անցկացվել դելֆինարիումի
«Դելֆիններն երեւի թե ամենաընկերասեր եւ մարդամոտ կաթնասուններն են: Այդ պատճառով երբեմն երեխային ավելի հեշտ է լինում կապ եւ շփում հաստատել կենդանու հետ» - նշում է Վիտալի Պրոսկուրան: Այն, որ բանականության առումով դելֆինները մարդուն ամենամոտ գտնվող կենդանիներն են, նպաստում է փոխադարձ հետաքրքրության զարգացմանը, երեխայի եւ կենդանու միջեւ շփմանն ու հուզական կապի հաստատմանը: Հատկանշական է, որ դելֆինի ուղեղը, որը մոտավորապես 1700 գրամ է կշռում, մարդու ուղեղից 300 գրամով ծանր է:
Դելֆինների մոտ գոյություն ունի «անատոմիկ ծիծաղի» հասկացությունը` նրանց ծնոտները այնպես են կառուցված, որ մարդուն թվում է, որ դելֆինն անընդհատ ժպտում է: «Դա շատ կարեւոր հոգեբանական նախապայման է, որն օգնում է կապ հաստատել անգամ ամենաչշփվող եւ փակ երեխաների հետ»,- պատմել է Վիտալի Պրոսկուրան:
Դելֆինի եւ երեխայի «շփումը» իրականացվում է ինչպես ցամաքի, այնպես էլ ջրի մեջ, իսկ ջրային միջավայրը շատ օգտակար եւ հատուկ է մարդկային օրգանիզմի համար: Այդ իսկ պատճառով երեխայի շփումը դելֆինի հետ ջրում շատ դրական հոգեբանական եւ հուզական ճնշում է:
Դելֆինոթերապիան ենթադրում է ոչ միայն դելֆինների հետ լող, այլեւ մի շարք պարապմունքներ, որոնք իրենց մեջ ներառում են ոչ միայն թերապեւտի, այլեւ ծնողների հետ աշխատանքը, քանի որ դելֆինարիումի դասընթացների արդյունքները պետք է ամրապնդվեն տանը:
«Պարապմուքների ժամանակ մենք կիրառում ենք խաղային եւ արտթերապիա, քանի որ խաղն ու արվեստն առավել հոգեհարազատ են երեխաներին: Թերապիան կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլը ծանոթությունն է` երեխան եւ դելֆինը պետք է սովորեն միմյանց: Երկրորդ փուլը ենթադրում է, որ երեխան հարթակի վրա է, իսկ դելֆինը՝ ջրի մեջ, այսինքն` յուրաքանչյուրն իր բնական միջավայրում է: Երրորդ փուլում երեխան եւ դելֆինը ջրի մեջ են: Սովորաբար դա ամենադժվար փուլն է, քանի որ հաճախ երեխաները ջրից վախենում են, եւ իմ աշխատանքը կայանում է նրանց հետ աշխատելու եւ անախորժություններից կանխելու մեջ: Այդ փուլում երեխաները կարող են կրծքի կամ մեջքի վրա լողալ, կերակրել եւ խաղալ դելֆինի հետ: Այդ փուլի մեջ նաեւ մտնում է ուլտրաձայնային ազդեցությունը: Ես դնում եմ երեխային ջրի վրա այնպես, որ նրա ականջները ջրի մակերեսին լինեն, եւ մոտեցնում եմ դելֆինին նրա մոտ. կենդանին սկսում է “խոսել” երեխայի հետ, ուղարկելով ուլտրաձայներ, ինչը շատ դրական ազդեցություն է թողնում»,- ասում է Վիտալի Պրոսկուրան:
Աննա Մանուկյանն ասում է, որ դելֆինոթերապիան օգտակար է աուտիզմի դրսեւորումներով, մտավոր կամ հոգեբանական զարգացվածության հետամնացություններով, գրեթե բոլոր տեսակների մանկական ուղեղային կաթվածներով եւ լոգոնեւրոզով տառապող երեխաների համար: Թերապիայի տեւողության հարցը որոշվում է հոգեբանների եւ ծնողների կողմից:
«Հայաստանում ես մի քանի բացառիկ դեպքերի եմ հանդիպել: Օրինակ, երեխան չէր խոսում (միայն պարզ հնչյուններ էր արտաբերում), ու չնայած նա արդեն 4-5 տարեկան էր, ծնողների 5 պարապմունքի թերապիայի կուրս վերցրին, սակայն որեւէ հստակ փոփոխություններ չկային: Բայց հետո ծնողները զանգահարեցին եւ եւս 5 սեանս ցանկացան: Երեխան առավոտյան արթնացել էր եւ սկսել պարզ արտահայտություններ եւ այբուբենի տառերն ասել»,- ասել է ուկրաինացի մասնագետը:
Հայաստանում դելֆինոթերապիայի գները եվրոպականից ցածր են եւ կազմում են 20 հազար դրամ մեկ պարապմունքի համար: Ուկրաինայում մեկ պարապմունքի գինը կրկնակի թանկ է, իսկ Անթալիայում 10 պարապմունքն արժե գրեթե €5 հազար:
«Դելֆինոթերապիան ամեն դեպքում դրական ազդեցություն կթողնի, այլ հարց է, թե ինչպիսի: Համենայն դեպս, կենդանիների հետ շփումն անհետ չի անցնում: Շատ հաճախ դելֆինոթերապիայից հետո մեզ դիմում են խորհրդատվության համար, եւ մենք փորձում ենք հետադարձ կապ պահել, որպեսզի հետեւենք երեխայի զարգացման եւ հետագա վարքին», - ասել է Վիտալի Պրոսկուրան:
Արամ Արարատյան
Mediamax.am