Յուրաքանչյուրն ունի իր սիրելի գույնը, երեխաներն էլ բացառություն չեն:
Փորձեք ուշադրություն դարձնել՝ ձեր փոքրիկն ինչ գույնի մատիտ, ինչ գույնի հագուստ է նախընտրում: Սիրելի գույնը շատ բան կարող է պատմել երեխայի բնավորության մասին: Եկեք պարզենք՝ որ գույնն ինչ է նշանակում:
Կարմիր
Կարմիր գույնի սիրահարները նպատակասլաց ու ակտիվ երեխաներ են: Նրանք միշտ ունենում են իրենց կարծիքն ու հաճախ են արտահայտում իրենց տեսակետը: Այս երեխաները նախընտրում են ակտիվ խաղերը: Նրանք իսկական առաջնորդներ են: Այս երեխաները, որպես կանոն, նախադպրոցական տարիքում արդեն տառաճանաչ են լինում: Այս երեխաների համար շատ կարևոր է, երբ իրենց գովում են: Դա նրանց ինքնավստահություն է ներշնչում: Եթե նկատում եք, որ երեխան նկարելիս ավելի շատ օգտագործում է մուգ կարմիրն, ապա, ամենայն հավանականությամբ, նա հոգնել է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Անհրաժեշտ է կազմակերպել նրա հանգիստը:
Նարնջագույն
Նարնջագույնը նախընտրող երեխաները շատ շփվող են և ունեն շատ ընկերներ: Շատ հաճախ հենց նրանք են սկսում զրույցը: Այս երեխաները վատատես չեն: Բայց հիշեք՝ այս երեխաները շատ զգայուն են և հեշտ են վիրավորվում: Ցանկացած վատ խոսք կարող է նրանց հասցնել հիստերիայի: Այս երեխաները սիրում են երգել, պարել, նկարել, զբաղվել սպորտով:
Կանաչ
Գոյություն ունեն կանաչի տարբեր երանգներ: Կանաչի բաց երանգը նախընտրող երեխան ունի վառ երևակայություն և զարգացած տրամաբանություն: Այս երեխաները շատ հավասարակշռված են: Նկարագրածի ճիշտ հակապատկերն են մուգ կանաչը նախընտրող երեխաները: Այս գույնը կարող է հուշել, որ երեխան ունի ծնողական ուշադրության կարիք:
Սպիտակ
Եթե երեխան նախընտրում է սպիտակը, ապա նա, ամենայն հավանականությամբ, նա նախընտրում է փիլիսոփայությունը: Այս երեխաների տեսակետը շատ հաճախ տարբերվում է ծնողների տեսակետից: Նրանք հիմնականում լինում են ամաչկոտ, ունենում են հարուստ ներաշխարհ:
Շագանակագույն
Այս գույնը նախընտրող երեխաները փնտրում են հարմարավետություն և վստահություն: Այդ իսկ պատճառով, եթե երեխան նախընտրում է շագանակագույնը, հնարավոր է՝ ինչ-որ բանից իրեն այնքան էլ լավ չի զգում: Պատճառները կարող են լինել տարբեր՝ ընտանեկան հարաբերությունները, առողջությունը, սթրեսը:
Սև
Երեխաներն այս գույնը հազվադեպ են նախընտրում: Բայց եթե երեխան սիրում է սևն, ապա սա կարող է հուշել երեխայի բարդ բնավորության կամ սթրեսի մասին: