Բույսերի ծաղկման շրջանում ծնված երեխաները պոտենցիալ ասթմատիկներ են. գիտնականներ

Հղիության ուշ շրջանում ծաղկափոշու մեծ քանակությունը մեծացնում է երեխայի` ասթմայով հիվանդանալու վտանգը` նախազգուշացնում են շվեդ մասնագետները: Ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են ալերգիաների մեծ ռիսկի մասին, եթե երեխան ծնվում է բույսերի ծաղկման շրջանում:

Չնայած ամեն տարի բույսերը ծաղկում են, սակայն յուրաքանչյուր տարի ծաղկափոշու քանակությունը

տարբեր է լինում: Ումեոյի համալսարանի գիտնականները հետազոտության համար հաշվառել են 110 000 հղիների` Ստոկհոլմից:

Պարզվել է, որ ծաղկափոշու բարձր կոնցենտրացիան հղիության վերջին 12 շաբաթների ընթացքում նշանակալիորեն մեծացրել է երեխայի մոտ նրա կյանքի առաջին տարում ասթմայի առաջացման ռիսկը:

Գիտնականներն այս օրինաչափության մի քանի պատճառ են նշում` փոխանցում է Meddaily-ն: Առաջինը՝ այն դեպքում, եթե հենց հղին ալերգիա ունի ծաղկափոշուց: Ալերգիկ ռեակցիաներն ու ասթմայի նախանշանները կարող են ազդել նաև դեռ չծնված երեխայի և նրա իմունիտետի վրա:

Միաժամանակ` ծաղկափոշու սուր ռեակցիայով պայմանավորված բարդությունները կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: Իսկ այս փաստն ինքնին մեծացնում է երեխայի մոտ շնչառական խնդիրների վտանգը:

Աղբյուրը` www.1in.am