Այս շաբաթ աշակերտների բացակայությունները չեն նշանակվի. ԿԳՆ-ն տեղեկացրել է նաեւ, թե ինչպես կլրացվեն բաց թողնված դասերը

Դպրոցներում բաց թողնված դասերը կամ կլրացվեն երկար պարապմունքներով կամ դաս կլինի նաեւ շաբաթ օրերին: Կրթության նախարարության առաջարկը պետք է դիտարկեն դպրոցներն ու իրենք որոշում կայացնեն՝ հաշվի առնելով ուսուցիչների նախընտրությունն ու նպատակահարմարությունը:

Ինչ վերաբերում է  այս շաբաթվա բացակայություններին, ապա դրանք կհամարվեն հարգելի, այսինքն՝ չեն նշանակվիԻսկ ընդհանուր առմամբ, բոլոր դպրոցները սկսել են իրենց բնականոն աշխատանքը, մտահոգության առիթ էլ չկա, քանի որ պատշաճ ջեռուցվում են բոլոր շենքերը, բացի Արմավիրի 10 դպրոցներից: ԿԳՆ-ից, սակայն, հավաստիացնում են, որ արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ ՝ խնդիրը լուծելու եւ հաջորդ շաբաթվանից դասերը այդ դպրոցներում եւս վերսկսելու համար: 

Փետրվարի մեկից վերսկված դասերից առաջին երկու օրերին բացակայել է աշակերտների շուրջ 20 տոկոսը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ բացակայությունների մեծ մասը պայմանավորված են աշակերտների վատառողջ լինելով կամ հիվանդանալու վախով: Սակայն, ըստ նրա, ծնողները երեխաներին դպրոց ուղարկելիս կարող են չանհանգստանալ վարակվելու կամ մրսելու վտանգի պատճառով. դպրոցներում ջեռուցումը սկսել է ապահովվել դասերի վերսկսելուց դեռ երկու օր առաջ, իսկ բժշկական վերահսկողությունն ուժեղացված է: