Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների վերաբերյալ որեւէ պաշտոնական վիճակագրություն չկա եւ չի վարվում: Դժվար է գտնել նաեւ մասնավոր հետազոտություններ, որոնք արվել են այդ խնդրով: Հետեւաբար` հայաստանյան զույգերի ամուսնալուծության պատճառների մասին կարելի է կարծիք կազմել` հիմնվելով հոգեբանների փորձի, պրակտիկայի ընթացքում հանդիպած դեպքերի վրա:
Բայց այն, որ ամուսնալուծությունների պատճառների հետազոտությունը կարեւոր է, փաստում է վիճակագրությունն այն մասին, ըստ
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Զարգացման եւ կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում ամուսնալուծության թիվ մեկ պատճառը դավաճանությունն է, հիմնականում` տղամարդիկ դավաճանում են կանանց, ովքեր ամուսնալուծության հարց են բարձրացնում: «Դավաճանության համար կանայք հաճախ են բաժանվում, հազվադեպ է լինում, երբ տղամարդիկ են նման փաստի առաջ կանգնում»,- նշեց նա:
Ամուսնալուծության պատճառներից երկրորդը զույգերի ծնողների միջամտությունն է, ըստ որում` թե տղամարդու, թե կնոջ ծնողների միջամտությունը, այսինքն` այն ընտանիքներում, որտեղ միասին են ապրում կամ շատ սերտ է ծնողների միջամտությունը ընտանեկան կյանքին, այդտեղ խնդիրները շատ են լինում: Լինում է նաեւ, երբ ծնողները օգնում են իրենց երեխաներին: «Եթե կողմերից մեկը թուլություն է դրսեւորում, այսինքն` սկսում է իր ընտանիքի շահերը ստորադասել ծնողների շահերին, նրանց ասածներին հավատալ, պրոբլեմներ են առաջանում»,- նշեց նա:
Երրորդ խումբ պատճառները տնտեսական են, օրինակ` կանայք բողոքում են, որ տղամարդիկ չեն աշխատում, չեն ապահովում ընտանիքին, մեղադրում են ամուսնուն, սոցիալական առումով կոմպետենտ չլինելու մեջ: Դրանից հետո գալիս են ամուսնալուծությունները` սեռական կյանքում անհամատեղելիության պատճառով: Այս հարցում, հոգեբանի խոսքով, հայ զույգերը ավելի հարմարվող են, ավելի հաճախ հանդիպում ես զույգերի անտարբերությունը միմյանց նկատմամբ: «Ես ընտանիքներ գիտեմ, որոնք երկար տարիներ ապրում են, հազվադեպ սեքսեր ունենալով, եւ դա հիմք չի հանդիսանում բաժանվելու համար»,- ասաց հոգեբանը: Հայաստանում ամուսնալուծության պատճառներից կարող է լինել բռնությունը, կախվածությունները` ալկոհոլից, թմրանյութերից, մոլախաղերից, աղանադավոր լինելը եւ այլն: «Ընտանիքի շահերը դրսի մարդը չի կարող պաշտպանել, բացի քեզանից: Սուտ է, թե ծնողը կամ ընկերները կարող են քո ընտանիքի շահերը օբյեկտիվորեն պաշտպանել, միայն դուք կարող եք ձեր ընտանիքի շահերը պաշտպանել, հետեւաբար` որեւէ մեկին լսել պետք չի»,- խորհուրդ է տալիս Սամվել Խուդոյանը: Ամուսնալուծությունների թեմայով ամենազավեշտալի իրավիճակները այն դեպքերում են, երբ զույգերը դիմում են հատկապես սեռական ոլորտի խնդիրներով, հենց այդ դեպքերում էլ հոգեբանը այնպիսի բաներ է լսում, որ «աչքերը թռչում են ճակատին»:
Հոգեբանի խոսքով` դժվարը ամուսնության առաջին հինգ տարին հաղթահարելն է, քանի որ ամուսնալուծության համար ճգնաժամային է համարվում ամուսնության 1-ին տարին, որը այսպես ասած` իրար հարմարվելու շրջանն է: Ճգանաժամային է ամուսնության 5-րդ տարին, երբ սիրահարության պահերը անցնում են: Հաջորդ ճգնաժամային շրջանը երեխաների մեծանալուց կամ հեռանալուց հետո է լինում: Դրանից բացի` կան նաեւ ճգնաժամային տարիքներ, օրինակ` ամուսնալուծությունները շատանում են 30տ, 40տ շրջանում, այդ շրջանները «բարով-խերով» հաղթահարելուց հետո ընտանիքը կարելի է համարել կայուն:
Սամվել Խուդոյանի դիտարկմամբ` 18-25 տարեկանում ամուսնացողները ավելի են կանգնած ամուսնալուծության վտանգի առաջ, քան 25-35 տարեկանում ամուսնացողները, քանի որ վերջինս համարվում է հասուն ամուսնության շրջան: Ի դեպ, ԱՎԾ-ի տվյալների համաձայն` տարեցտարի աճում է ամուսնության միջին տարիքը: Օրինակ` 2010թ ամուսնության միջին տարիքը տղամարդկանց դեպքում կազմել է 29,3, կանանց դեպքում` 25,2: Իսկ առաջին ամուսնության տարիքը տղամարդկանց մոտ 28,4 է, իսկ կանանց մոտ` 24,6: Թեեւ 2011թ տվյալները դեռ չեն ամփոփվել, բայց մեկ բան պարզ է` ամուսնական միջին տարիքը շարունակում է աճել:
Սամվել Խուդոյանը խորհուրդ չի տալիս ամուսնալուծվել` նշելով, որ ամեն իրավիճակից էլ ելք կա, իսկ ամուսնալուծությունից ոչ ոք չի շահում, կորցնում է թե տղամարդը, թե կինը, բայց կինը` ավելի շատ: «Կանայք մնում են միայնակ երեխաների հետ, մեկը սիրուհու կարգավիճակ է ստանում, շրջապատը սկսում է շահարկել, տղամարդկանց նկատմամբ վերաբերմունքը ուրիշ է, նրանք ավելի հաջողակ են ամուսնությունից հետո, քանի որ կարողանում են իրենց կյանքը դասավորել եւ բազմիցս ամուսնանալ եւ ամուսնալուծվել»,- նշեց հոգեբանը: Հոգեբանի տեղեկացմամբ` մեզանում ամուսնալուծությունների խնդիրներով շատ քիչ են դիմում հոգեբանների, 10-ից մեկը հազիվ դիմի: Նա խորհուրդ է տալիս ամուսնալուծվելու որոշում կայացնելուց առաջ դիմել կոնստրուկտիվ հոգեբանների: Ընտանիքը հոգեբանի ինստիտուտի միջոցով փրկելու համար կարող է մեկ պարապմունքը նույնիսկ բավարար լինել, որն արժե 5000-15 հազար դրամ:
Բոլոր այն զույգերը, ովքեր այժմ ընտանեկան խնդիրներ ունեն ու նրանց ամուսնալուծվելուն, այսպես ասած, «մեկ է պակաս» հոգեբանը հիշեցնում է, որ «ամուսնալուծությունը ընտանիքի ինքնասպանությունն է»: «Ինչքան թույլ, անօգնական, ցածր մակարդակի պետք է լինեք, որ ձեր խնդիրների համար լուծումներ չգտնեք եւ դիմեք ինքնասպանության, ընտանիքի ինքնասպանության»,- ասաց նա` շեշտելով, որ առաջին հերթին պետք է խնդիրներին ձեւակերպում տալ եւ փորձել լուծումներ գտնել համատեղ:
Պատրաստեց`Միլենա Ներսիսյանը