Հայաստան ամեն ինչ էլ ներկրվում է, այդ թվում՝ արհեստական կուսաթաղանթ, բայց ոչ այդքան շատ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: «Կարելի է պատկերացնել, որ Հայաստանում կուսաթաղանթով աղջիկներ չեն մնացել: Դժվար թե այդքան շատ արհեստական կուսաթաղանթների կարիք լինի Հայաստանում»,- ասաց նա` մեկնաբանելով տեղեությունները, թե հազարավոր արհեստական կուսաթաղանթներ են ներկրվել Հայաստան:
Սեքսապաթոլոգի խոսքով՝ կուսաթաղանթի ամբողջականությունը վերականգնվում է վիրահատության միջոցով, որն արժե 15-ից 150 հազար դրամ՝ կախված, թե ինչ ժամկետի համար է այն վերականգնվում: «Կարող է աղջկա կուսաթաղանթը ամբողջական լինի, բայց այդ աղջիկը ամեն ինչ էլ արած լինի, հիմա այդ աղջիկը կո՞ւյս է, թե՞ ոչ»,- ասաց նա՝ շեշտելով, որ նույնիսկ ամենափորձված տղամարդիկ չեն կարող տարբերել արհեստական, թե ոչ արհեստական կուսաթաղանթ է:
Մարատ Զաքարյանի խոսքով՝ կուսաթաղանթի առկայությունը կամ բացակայությունը փակ թեմաներից մեկն է, բայց 92-93թթ-ից հետո այդ խնդիրը սկսեցին ավելի լոսաբանել: Բժշկի խոսքով՝ առաջին գիշերվանից հետո տղաները մեծ խնդրի առաջ էին կանգնում՝ ծնողներին ցույց տալու՝ կա կուսաթաղանթ, թե չկա: Դեպքեր են եղել, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդը, տեսնելով, որ հարսը կույս չէ, հենց կեսգիշերին ուղարկել է իրենց տուն: Հաճախ, սեքսապաթոլոգի խոսքով, հայկական ընտանիքներում աղջկա կուսաթաղանթի հարցը հոգեբանական տրավմա է սկեսուրների համար: «Հարցը ոչ թե մի փոքրիկ թաղանթն է, այլ աղջիկը անարատ աղջի՞կ է, թե՞ ոչ: Ամիսը մեկ-երկու անգամ մեզ մոտ գալիս են այդ հարցերով, սկեսուրները հարսներին բերում են, թե բժիշկ, հլը սրան նայի, տես աղջիկ է, թե աղջիկ չէ,տհաճ է, իսկ տղաները խեղճ-խեղճ կանգնած նայում է, թե մայրը ինչ է անում»,- ասաց նա՝ դիմելով սկեսուրներին եւ կոչ անելով, որ պետք չէ այդպիսի բաներ անել, պետք չէ խառնվել զույգերի կյանքին: Նրա խոսքով՝ ճիշտ կլինի մինչ ամուսնանալը տղամարդը իմանա՝ աղջիկը կուսաթաղանթ ունի, թե ոչ, որպեսզի իմանա իր անելիքը: Դրանից բացի՝ բոլոր տղամարդիկ էլ ցանկանում են լինել առաջինը կնոջ կյանքում, եւ երբեք չեն մոռանում, թե ում հետ է առաջինը եղել:
Աղջկա կուսության հարցը ոչ մի եվրոպական երկրներում այդքան սուր չի դրվել, որքան Կովկասյան երկրներում; «Աղջիկը պետք է անարատ լինի, պետք է պահպանի իր աղջկությունը, կուսությունը, հեզությունը, բայց լինում են դեպքեր, որ ինչ-որ սխալ է անում, բայց դա պետք է ճակատագրական լինի նրա համար»,- նշեց Մարատ Զաքարյանը եւ հավելեց, որ մինչեւ ավագ տարիք կուսության պահպանումը առողջության համար վտանգավոր չէ, եւ այսօր մեր կողքին կան 50 տարեկան կույսեր: Նրա կարծիքով՝ առաջիկա 10-30 տարիների ընթացքում կուսության հարցը դեռեւս արդիական կլինի մեր հասարակության շրջանում: