Ինչպես են իրենք լույս աշխարհ եկել. այս հարցի պատասխանը երեխային հետաքրքրում է մանուկ հասակից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսում Երեւանի պետական բժշկական համալսարանի Սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ հազվադեպ է պատահում, երբ ծնողը կարողանում է ճիշտ բացատրություն տալ երեխային` այս հարցին ի պատասխան:
«Սկսում են արագիլների, կաղամբների ու «մեշոկ պապիների» պատմությունները, որոնք գնալով կատարելագործվում են:
Շահրամանյանն ընդգծեց, որ այս հարցին ծնողները պետք է ցուցաբերեն ճիշտ եւ գրագետ մոտեցում:
Մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը իրականում միայն Հայաստանում չէ, այլ առկա է ամբողջ աշխարհում:
«Երեխայի հարցերին պետք է տրվեն տարիքին համապատասխան պատասխաններ, քանի որ ծնողներն իրենց երեխաների տարիքում եւս իրենց հարցերին համարժեք պատասխաններ չեն ստացել, այդ պատճառով իրենք ևս չեն կարողանում պատասխանել իրենց երեխաներին»,-ասաց Պողոսյանը:
Երկու բանախոսներն էլ կարեւորեցին ընտանիքում ներդաշնակ միջավայրի ստեղծումը, որի բացակայությունը պատճառ է դառնում երեխայի սխալ աշխարհընկալման եւ պահվածքի ագրեսիվ դրսեւորումների: Բանախոսները նկատեցին` ԶԼՄ-ների հրապարակումների շնորհիվ ոլորտում տեղաշարժը ակնհայտ է: