«Շանթ Պլյուս» և «Գրանդ Քենդի» ընկերություններում ստուգումները շարունակվում են

Պաղպաղակ արտադրողների ցանկից ամռան ամիսների ընթացքում ստուգման է ենթարկվել «Էլիտ Շանթ» ընկերությունը, այս պահի դրությամբ ստուգումներ են իրականացվում «Շանթ Պլյուս» և «Գրանդ Քենդի հայ-կանադական ՀՁ» ընկերություններում: Panorama.am-ին հայտնեցին ԳՆ սննդամթերքի պետական ծառայությունից:

Հիշեցնենք, որ«Սուր անկյուն» հաղորդաշարը ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների հետ համատեղ իրականացրել է նմուշառում, և արդեն կոդավորված նմուշները հանձնվել է լաբորատոր փորձաքննության: Տեսանյութում կոդավորումն իրականացնելիս պարզ է դառնում, որ «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա», «Գրանդ քենդի», «Չանախ» և «Արմսվիթ շանթ» ընկերություններից «Թամարա», «Էլիտ շանթ», «Աշտարակ կաթ», «Անի», «Բիոկաթ», «Ասա» և «Չանախ» ընկերությունների կողմից արտադրված նմուշառված ապրանքատեսակները չեն համապատասխանում մակնշման պահանջներին:

Խնդրին միջամտեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, տարակուսանք հայտնելով, թե ինչու սխալ մակնշված պաղպաղակները դուրս չեն բերվում շուկայից. «Հանրությանը ներկայացվում է կեղծ տեղեկատվություն, որի հետևանքով սպառողները հայտնվում են մոլորության մեջ՝ ձեռք բերելով կաթնաբուսական պաղպաղակը՝ այդ մասին չիմանալով: Իսկ համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի՝ սպառողին մոլորության մեջ գցելը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն»,-նշեց ՀԿ-ն: 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթին ասաց,  թե գործին չի խառնվելու, քանի դեռ ծառայությունն իր ուսումնասիրությունների արդյունքները չի ուղարկել:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին նաև հայտնեցին, որ շուկայահանված տեղական արտադրության և ներմուծված պաղպաղակների մակնշման, պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով Երևան քաղաքի առևտրի օբյեկտներում և խանութներում մինչև ս.թ. հուլիսի 13-ն իրականացվելու է դիտարկում հետևյալ հարցերի շրջանակներում՝

1) մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

2) փաթեթավորման միջոցով անվտանգության ապահովումը.

3) պահման պայմաններին համապատասխանությունը.

4) պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացումը.

5) պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը.

6) իրացվող սննդամթերքի պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը.

7) պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի կրկնակի պիտանիության ժամկետի կամ բնօրինակ պիտանիության ժամկետի ջնջվածության և նոր պիտանիության ժամկետի նշումը.

8) սննդամթերքի հայերեն մակնշման տեղակայում արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:

«Դիտարկման և ստուգումների արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն»,-ասացին ծառայությունից:
Հարցին, թե պատրաստվում են արդյունքներն ուղարկել հանձնաժողովին, որպեսզի վերջինս էլ իր գործառույթներն իրականացնի, ծառայությունից պատասխանեցին. «Չենք կարող պատասխանել, մինչև դիտարկումների արդյունքների ամփոփումը: Արդյունքները կամփոփվեն ոչ շուտ, քան այս ամսվա վերջը»:

Աղբյուր` Panorama.am