Մոր և մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար կմնա գերակա խնդիր. Արմեն Մուրադյան

«Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, և մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Այս ոլորտում ես ակնկալում եմ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործուն աջակցությունը։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երևույթներ»,-հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը`  «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանի հետ հանդիպման ժամանակ:

Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրել են 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը, հաղորդում եմ ԱՆ մամուլի ծառայությունից:

Նշվել է, որ Վորլդ Վիժնը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր և մանկան առողջությանը և երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման և մի շարք այլ հարցերում։

Վորլդ Վիժն Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխայի։

Անդրադարձ է կատարվել նաև սկրինինգային, կրթական և իրազեկման ծրագրերին, ինչպես նաև վերջերս ավարտված «Երեխայի առողջության պետական հավաստագրի գնահատում» ծրագրին, որի արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նախարարին։ 
Արմեն Մուրադյանը նշել է, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում և բարձր է գնահատել հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։

Երկուստեք կարևորվել է նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը ռազմավարության վերանայման փուլում է, ինչը հնարավորություն է տալիս առողջապահական ծրագրերն առավել համահունչ դարձնել երկրի կարիքներին։
Պայմանավորվածություն ձեռք է բերվել համատեղ քննարկումների արդյունքում հստակեցնել համագործակցության եզրերը։

 

Աղբյուր` Panorama.am