Մայրության նպաստը չշփոթել երեխայի խնամքի համար հատկացվող նպաստի հետ. եւս մեկ պարզաբանում մասնագետից

Ջուլիետա Վարդանյանը սպասում է առաջնեկին: Երեխան լույս աշխարհ պիտի գա հունվարի առաջին օրերին: Ապագա աղջնակի՝ Էմիլիի ծննդյան կապակցությամբ նրան արդեն ժամանակավոր անաշխատունակության թերթիկ են տվել: Ջուլիետան, սակայն, դեռ չի հստակեցրել՝ մայրության նպաստ իրեն հասնելու է, թե ոչ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում հստակեցնում են՝ չաշխատող մայրերին, ովքեր այդ թերթիկները, սահմանված կարգի համաձայն, ստացել են մինչեւ հունվարի մեկը, նպաստ չի հասնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը հորդորում է Մայրության նպաստը չշփոթել երեխայի խնամքի համար հատկացվող նպաստի հետ, որը ստանում են մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատող մայրերը միայն: Երեխայի՝ մինչեւ 2 տարին լրանալը նրանք ամսական 18 հազար դրամ են ստանում: Իսկ Մայրության նպաստը սահմանվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ Հղիության եվ ծննդաբերության արձակուրդի համար:

126 600 դրամ կազմող նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե շահառուն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Համապատասխան դիմումն ու փաստաթղթերը ներկայացնելուց հետո նպաստը տրվում է մեկամսյա ժամկետում:

Հաշվարկներն արդեն արված են: Պետբյուջեից այդ նպատակով շուրջ 4 միլիարդ դրամ է հատկացվելու: Կենսաթոշակային ապահովության վարչության պետի հավաստմամբ՝ հաջորդ տարվանից մոտ 30 հազար չաշխատող մայր ստանալու է այդ նպաստը:

Հեղինակ՝ Արմինե Սուքիասյան

Աղբյուրը՝ «Արարատ» TV