Սահմանամերձ համայնքների բնակիչները, ինչպես նաեւ անապահովության 30 եւ ավելի միավոր ունեցող քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի ամբողջ ունեցվածքը վաճառել, որպեսզի ընտանիքում մանկան ճիչ լսվի: Կառավարությունը որոշել է անպտղություն ունեցող այդ ընտանիքներին հնարավորություն ընձեռել՝ անվճար օգտվելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունից և սպասարկումից: Խոսքը նաեւ արհեստական բեղմնավորման մասին է:
«Այս հարցի ընդունումը պայմանավորված է օրերս ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությամբ, որը նվիրված էր ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը: Եղել են հստակ հանձնարարականներ՝ մշակել ժողովրդագրական ցուցանիշների բարելավման հայեցակարգ և ազգային ծրագիր: Իսկ այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, նախատեսվում է «Առողջապահություն» բաժնի անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ ծրագրում տնտեսված 50 մլն դրամն ուղղել համապատասխան ցանկում ընդգրկված սահմանապահ համայնքների 35 զույգերի՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը: