Հանրապետությունում ծնունդները պակասել են, իսկ ինչպե՞ս է իրավիճակը ծննդատներում

2011-ի հունվար-հունիսին Հայաստանում ծնվածների թվաքանակը կազմել է 20102 մարդ, ինչը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 927 ծնունդով կամ 4.4 տոկոսով: Այդ մասին նշված է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառավարությանը ներկայացրած ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2012 թ. ծրագրում:

Նշենք, որ 2010 թ. Հայաստանում գրանցվել էր 44.825 կենդանի ծնված երեխա, որը վերջին 12 տարում ամենաբարձր ցուցանիշն է: Համեմատության համար նշենք, որ 1990 թ. Հայաստանում ծնվել էր 80 հազ. երեխա, սակայն դրանից հետո ծնունդների քանակը կտրուկ նվազում է, 2005 թ. հասնելով իր նվազագույն` 37.5 հազ. մակարդակին: 2007 թ.-ից նկատվում է ծնունդների թվաքանակի աճ, ու միայն այս տարի առայժմ արձանագրվում է նվազում:

Ծնունդների թվաքանակի բարձրացումը մեծապես կախված է ծննդօգնության ծառայությունների բարելավումից:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` վերջին տարիներին ծննդատներում ստվերը զգալի կրճատվել է, բնակչությունը կարողանում է ստանալ անվճար բուժծառայություն: Դրան նպաստել է 2008-2009 թթ. իրականացված «Ծննդօգնության պետական հավաստագրի» ներդրման ծրագիրը, որի շնորհիվ 2 անգամ բարձրացվել է ծննդաբերության պետական ֆինանսավորումը, բարձրացվել են բուժաշխատողների պետական գները: 2010 թ. շուրջ 20%-ով բարձրացավ հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը (կանանց կոնսուլտացիաների կողմից հաշվառված հղիների ընդհանուր թիվը ավելացել է շուրջ 3000-ով), ինչը, ըստ աշխատանքի եւ սոցապնախարարության, խոսում է ծրագրի արդյունավետության մասին:

Քաղաքացիների շրջանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ ծննդաբերության հետ կապված հիմնական խնդիրները մնում են մարզերում, իսկ երեւանյան ծննդատները շատ թե քիչ որակյալ ծառայություն են մատուցում: Օրինակ` մարզային ծննդատների մեծ մասում բացակայում են այսպես կոչված ակվարիումները, որոնք կարեւոր են բարդ ծննդաբերություններից հետո: Շատ հաճախ ծնողները ստիպված են լինում հավելյալ ծախսեր կատարել` իրենց երեխային որեւէ հեռավոր մարզից Երեւան հասցնելու համար` ծննդաբերությունների ժամանակ առաջացող բարդությունները հաղթահարելու համար:

Ծննդատներում հաճախակիացել են կեսարյան հատումներով ծնունդները, ընդ որում` ծնողները մեծամասամբ չեն կողմնորոշվում, թե որքանո՞վ վիրահատական միջամտությունը անհրաժեշտ էր եւ անխուսափելի:

Սամվել Ավագյան

News.am