Ինչի՞ վրա կարող է ծախսվել երեխայի ծննդյան միանվագ գումարը. կառավարության պարզաբանումը

Ինչի՞ վրա կարող է ծախսվել երեխայի ծննդյան  ժամանակ հատկացվող միանվագ գումարը: Խոսքը երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում տրվող 1 միլիոն, իսկ 5 եւ ավելի երեխաների դեպքում՝ 1 ու կես միլիոն դրամի մասին է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ՝ 2014թ-ի հունվարից ծննդյան միանվագ նպաստից  500 հազ. դրամ գումարը վճարվում է կանխիկ, մյուս մասը փոխանցվում է հաշվեհամարին:

Հոկտեմբերի տվյալով՝ այս տարի երեք եւ ավելի երեխա ունեցած 11.200 ընտանիքի ընդհանուր հաշվեկշռին 6 միլիարդ դրամից ավելի գումար է փոխանցվել: Նախարարությունն ուսումնասիրել է ու պարզել, որ այդ գումարից ընդամենը 200 մլն. դրամն է ծախսվել: Երեխայի անունով դրված դրամագլուխն ընտանիքն իրավունք ունի ծախսել միայն հիփոթեքային վարկերի մայր գումարի ու տոկոսների մարման, տան անդամներից որեւէ մեկի ուսման ու բժշկական ապահովագրության համար: Հիփոթեքի ձեւակերպումը մարզերում դժվար հարց է դիտարկվում: Կառավարությունը որոշել է, որ սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետք է թույլատրել դրամագլուխն օգտագործել նաեւ  անշարժ գույքի, բնակելի տարածքի կամ տան ձեռքբերման համար:

Գումարը հնարավոր է ծախսել նաեւ գյուղացիական վարկի տոկոսների մարման համար: Սոցիալական ուղղվածության այս փոփոխությամբ՝ վարչարարությունն էլ է դյուրացվել: Ընտանիքն ինքն է ընտրում այն բանկը, որտեղ ցանկանում է հաշիվ բացել երեխայի դրամագլխի համար: Դրանից բացի, պետությունն այսուհետեւ վճարելու է նաեւ ծնված, բայց մահացած երրորդ երեխայի համար, եթե նրանից հետո` երեք տարվա ընթացքում, ընտանիքում նոր երեխա ծնվի: