Այն, որ մանուկների առողջությունը ծնողների ձեռքերում է, գաղտնիք չէ, սակայն պարզվում է, որ դեռ փոքր տարիքից անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երեխաների ոտքերի առողջությանը, քանի որ հաճախ անուշադրության հետեւանքով վերջիններիս հետ կապված խնդիրներն ակնհայտ են դառնում ավելի մեծ տարիքում: Անգամ երեխաների կոշիկների եւ գուլպաների ընտրության հարցում անհրաժեշտ է ցուցաբերել հատուկ եւ գրագետ մոտեցում անցանկալի հիվանդությունների ձեռքբերումից եւ ոտքի դեֆորմացիայից խուսափելու համար:
«Կոշիկների ընտրությունը երեխայի մոտ սկսում է 1 տարեկան հասակից, եւ այն չպետք է լինի ոչ մեծ, ոչ փոքր, անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաեւ ոտքի եղունգների ճիշտ կտրմանը, որոնք նույպես կարող են հանդիսանալ ոտքի դեֆորմացման պատճառ»,- պարզաբանեց «Նյու մեդ» բժշկական կենտրոնի պոդոլոգ, ոտնաթաթի մասնագիտական խնամքի մասնագետ Դիանա Նելեպովիչը' նշելով, որ հակառակ դեպքում սխալ ընտրված կոշիկը կարող է տարբեր խնդիրներ առաջացնել, ազդել հենաշարժային համակարգի, քայլքի եւ կեցվածքի վրա:
Երեխաները մինչեւ 1 տարեկան հասակը կոշիկներ չեն կրում, հետեւաբար նրանց, պոդոլոգի խոսքով, այս ընթացքում հարկավոր չեն կոշիկի միջադիրներ' սուպինատորներ, որոնք ոտքի հետ կապված խնդիրների առկայության պարագայում, բժշկի ցուցմամբ թույլատրելի է կրել միայն 1 տարեկանից բարձր հասակում:
Մեկ այլ տարածված խնդիր' հարթաթաթությունը ոչ միայն ոտնաթաթի տեսքի փոփոխությունն է, այլեւ նորանոր անհարմարությունների' կոշտուկների, կրունկների ճաքերի, մատների ծռման, նեւրոզի եւ ոտնաթաթի այլ հիվանդությունների առաջացման պատճառ: Այն, բոլոր հիվանդությունների նման, առաջին հերթին պահանջում է հատուկ մոտեցում եւ համալիր բուժում, որն ավելի արդյունավետ է փոքր տարիքից իրականացնելու դեպքում:
«Ընդունված է տարբերակել հարթաթաթության երկու տիպ' առաջնաթաթային եւ դասական: Եթե փոքր տարիքից զբաղվեն այս հիվանդության բուժմամբ, ապա մեծ տարիքում այն այդքան անհանգստացնող չի լինի»,- ասաց Դ. Նելեպովիչը' հավելելով, որ նախքան հարթաթաթության տեսակը որոշելը եւ հիվանդության համալիր բուժում սկսելը, անհրաժեշտ է անցնել ոտնաթաթի համակարգչային դիագնոստիկա' պլանտոգրաֆային սարքավորման միջոցով, որի արդյունքում որոշվում է հարթաթաթության տեսակը: Այնուհետեւ, ելնելով տեսակից, հիվանդին նշանակվում են հատուկ սարքեր' կորեկտորներ եւ սուպինատորներ' կոշիկի միջադիրներ, որոնք կանխում են ոտնաթաթի ցավը եւ նվազեցնում անցանկալի հետեւանքների առաջացման հավանականությունը: Ի դեպ, նրանց, ովքեր հարթաթաթություն ունեն, խորհուրդ է տրվում կրել հատուկ' ճիշտ կարված կոշիկներ, որոնք ունեն ճկուն ներբան եւ ցածր կրունկ:
«Այսօր հարթաթաթությունը շատ տարածված հիվանդություն է, որը, ըստ էության, երեխայի մոտ գրեթե անհնար է նկատել մինչեւ 6 տարեկան հասակը, որովհետեւ ոտքի ոսկրային համակարգն ամբողջովին ձեւավորված չէ, այդ պատճառով ծնողները պետք է մեծ ուշադրություն դարձնեն այս խնդրին' հիվանդության խորացումը ժամանակին կանխելու նպատակով»,- հորդորեց բժիշկը' խորհուրդ տալով առաջին իսկ անհանգստությունների դեպքում դիմել բժիշկի:
Մեկ այլ ոտնաթաթի խնդիր, որ կարող է առաջանալ մանուկ հասակից' արջաթաթությունն է, որի դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս կոշիկները կրել հակառակ ոտքերի վրա, կատարել ֆիզիկական վարժություններ, ընդունել աղային լոգանքներ եւ մերսումներ:
Հաճախ դեռահասների մոտ կարող է առաջանալ նաեւ ոտքերում «սառնության սինդրոմ» եւ առատ քրտնարտադրություն, որի դեպքում նույնպես անհրաժեշտ է իրականացնել հատուկ լոգանքներ' արյան շրջանառությունը բարելավելու եւ ոտքերի առողջությունը վերականգնելու նպատակով:
armenpress
Աշխարհում ամենատարածված եւ հարմար կոշիկների տեսակի' «բոթաս»-ների ընտրության հարցում նույնպես պետք է ցուցաբերել գրագետ մոտեցում' քրտնարտադրությունից եւ մաշկային բազմաթիվ հիվանդություններից խուսափելու համար: Կարեւորագույն պահանջ է նաեւ, որպեսզի կոշիկները եւ գուլպաները լինեն որակյալ, ոչ սինթետիկ նյութերից' ալերգիկ ռեակցիաներ չառաջացնելու նպատակով:
«Երեխայի ոտքերի առողջությանը պետք չէ մատների արանքով նայել, եւ եթե ծնողները փոքր տարիքից հետեւեն իրենց երեխաների առողջությանը, ապա մի շարք առողջական լուրջ խնդիրներ արդեն մեծ տարիքում ավելի հեշտությամբ կլուծվեն»,- ասաց Դ. Նելեպովիչը: