Առանց մեծահասակների` մինչև 12 տարեկան երեխաները միայնակ վերելակներից օգտվելու իրավունք չունեն

Առանց մեծահասակների` մինչև 12 տարեկան երեխաները միայնակ վերելակներից օգտվելու իրավունք չունեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ վերելակների, ճոպանուղիների, շարժասանդուղքների, կարուսելների տեխանվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով, խորհրդային տարիներին նախագծված վերելակները նախատեսված են եղել 13 տարեկանից բարձր երեխաների համար: «Ուղղակի այժմ, երբ ավելի մոտենում ենք Եվրոպային, նման պահանջները վերելակի մոտ չենք փակցնում»,- նշեց նա: 

Լ. Հովհաննիսյանը լրագրողների հարցին ի պատասխան ներկայացրեց վերջերս Կողբացի 3ա շենքում տեղի ունեցած դժբախտ դեպքի մանրամասները, երբ 8 տարեկան երեխան վերելակի հորանն էր ընկել: Գլխավոր փորձագետի խոսքերով, երեխան` Էդգար Հարությունյանը, 10-րդ հարկում կանչել է վերելակը, հետո, ամեն հարկում կոճակները սեղմելով, աստիճաններով իջել է 5-րդ հարկ, ուր տեսել է, որ վերելակի դռները մի փոքր բացված են: «Մի կերպ բացել է դռները, ներս մտել ու մի քանի անգամ

սեղմել առաջին հարկի կոճակը, այնուհետ` մի քանի անգամ 5-րդ, մի քանի անգամ 10-րդ և այդպես շարունակ: Տարբեր հարկերի կոճակները սեղմելուց հետո` վերելակը շարժվել է, ապա կանգնել 5-6-րդ հարկերի արանքում, սակայն ինչն է դրա պատճառը, դեռ չեմ կարող ասել, գուցե էլեկտրական սխեման է խափանվել: Հետո երեխան փորձել է բացել և՛ խցիկի, և’ հորանի դռները, փորձել է ինքնաէվակուացվել, կորցրել է հավասարակշռությունն ու ընկել հորանը»,- ասաց Լ. Հովհաննիսյանը, ապա ավելացրեց, որ այս մանրամասները հիմնված են տղայի հարցաքննության ձայնագրության վրա։

Նա նաև տեղեկացրեց, որ այդ վերելակն անցել էր ամենամյա փորձաքննություն, որն իրականացվել է 2010-ի սեպտեմբերին` ստանալով դրական փորձագիտական եզրակացություն: Նա ավելացրեց, որ փորձաքննության ընթացքում արձանագվել են մի շարք թերություններ, որոնք, սակայն, կրկնակի ստուգման ժամանակ վերացված են եղել:

 

Panorama.am