«Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա». ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանն արշավ է սկսում Հայաստանում

Համերգային ծրագրով Հայաստանում գտնվող աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպան Մաքսիմ Վենգերովը հայտարարել է «Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» արշավի մեկնարկի մասին:

Արշավի նպատակն է հասարակության աջակցությունը կենտրոնացնել հատուկ գիշերօթիկ դպրոցներում և մանկատներում ներկայումս գտնվող շուրջ 4 հազար երեխաներին իրենց կենսաբանական կամ որդեգրող ընտանիքներ վերադարձնելու վրա:

«Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում: Մանկությանս տարիներին շրջապատված եմ եղել ծնողներիս և տատիկիս ու պապիկիս սիրով ու հոգածությամբ: Ոչինչ ու ոչ մեկը չի կարող փոխարինել ընտանիքը` երեխայի լինելու և զարգանալու համար լավագույն տեղը»,- ասել է Վենգերովը:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (ՀԿՀԱ) սկսել է արշավ, որի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ անցկացնել ողջ տարվա ընթացքում: Արշավին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, հասարակության անվանի ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, ընտանիքներ և երեխաներ:

2009 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սպիվակովի հիմնադրամի շնորհիվ ստեղծված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մանկական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշարերով ելույթներ կունենա Հայաստանի մարզերում և հանդես կգա ի պաշտպանություն երեխայի` ընտանիքում մեծանալու իրավունքի:

 

www.armenianow.com