Sidebar

Երեք ոսկե աղյուս (պակիստանյան ժողովրդական հեքիաթ )

Պատմում են, որ մի ժամանակ, մի գյուղում երեք անբաժան ընկեր են ապրել։

Նրանց տները կողք կողքի էին։ Ընկերներն առավոտից երեկո միասին էին անցկացնում ժամանակը․ միասին ուտում-խմում էին, միասին էլ ուրախանում ու քեֆ էին անում։ 

Մի անգամ նրանք գնացին հեռավոր մի վայր՝ եղջերու որսալու։ Տնիս դուրս եկան վաղ առավոտյան, և երբ կեսօրվա արևն սկսեց այրել, հասան մի մեծ ծառի, տեղավորվեցին նրա ստվերում, որպեսզի ճաշեն ու մի քիչ հանգստանան։ Ծառի զով ստվերում երեք անբաժան ընկերների խաղաղ զրույցն ասես հոսում էր հանդարտասահ գետի պես։ Հանկրած ընկերներից մեկը նկատեց, որ ծռի փչակում ինչ-որ բան է շողշողում։ Նա այդ մասին ասաց մյուսներին։ Վեր թռան, մոտեցան փչակին և այնտեղ տեսան երեք փայլուն աղյուս։ Ընկերներից ամենամեծն ու փորձառուն ասաց․

- Աստված վկա, այս աղյուսները ոսկուց են։  

Մյուս երկուսը սկզբում չհավատացին, բայց երբ ավելի ուշադիր նայեցին, համոզվեցին։ Նրանք անչափ ուրախացան․

- Ճիշտ է, ճիշտ է, ոսկե աղյուսներ են։ Ինչ բախտ է, որ Աստված մեզ այդպես առաջնորդեց։

Հանկարծ ընկերներից մեկը գոռաց․

- Զգուշացեք, նայեք՝ ինչ սարսափելի է ․․․

Պարզվեց, որ մի հսկայական կոբրա հսկում է անսպասելի հայտնաբերված գանձը։ Բայց գանձին տիրելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ընկերները հաղթահարեցին վախը, սպանեցին կոբրային, փչակից հանեցին երեք ոսկե աղյուսները և որոշեցին հավասար բաժանել միմյանց միջև։ Յուրաքանչյուրին մեկ աղյուս հասավ։ Ընկերներն այդ ամբողջ իրարանցումից, անսպսելի լարվածությունից և ուրախությունից հետո հանկարծ զգացին, որ շատ քաղցած են։ Որոշեցին, որ իրենցից մեկը գնա մոտակա գյուղ՝ ուտելիք բերելու։ Կուտեն, նոր կմտածեն որսի մասին։ Ընկերներից ամենափոքրը ճանապարհ ընկավ դեպի մոտիկ գյուղը։ Ճանապարհին ինքն էլ չիմացավ, թե ինչու, սկսեց մտածել այն մասին, որ վատ չէր լինի, եթե ամբողջ ոսկին միայն իրենը լիներ։ Գյուղ հասնելով՝  նա ճաշեց, իսկ ընկերների բաժնի մեջ թույն լցրեց։ <<Թող մեռնեն,- մտածեց նա,- երեք ոսկե աղյուսներն էլ ինձ կմնան>>։

Այդ նույն ժամանակ մյուս երկու ընկերներն էլ նույնն էին մտածում՝ ինչպես ազատվել երրորդից։ Որոշեցին, որ հենց ուտելիքը տեղ հասնի, կսպանեն նրան, իսկ նրա աղյուսը կբաժանեն երկու մասի։ Քիչ անց կրտսեր ընկերը տեղ հասավ և ասաց․

- Ես այնքան քաղցծ էի, որ չհամբերեցի և գյուղում ճաշեցի։ Սա էլ ձեր բաժինը։

Նա հազիվ էր խոսքն ավարտել, երբ մյուս երկուսը հարձակվեցին վրան և դաժանորեն այնքան ծեծեցին, մինչև շունչը փչեց։ Փոս փորեցին, թաղեցին, որպեսզի հետքերը թաքցնեն, իսկ իրենք իրենցից գոհ նստեցին ուտելու։ Մեծ ախորժակով կերան ու ․․․ փռվեցին գետնին։ Մահվանից առաջ նրանք էլ շատ տանջվեցին, ինչպես իրենց երրորդ ընկերը։ Իսկ ոսկե աղյուսներն ընկած էին գետնին  և շողշողում էին արևի տակ։ Եվ չկար մեկը, որ ասեր․

- Այս ոսկին իմն է։

Ագահությունը հոգու ամենամեծ արատներից մեկն է։ Աչքածկությունը կործանեց երեք մարդկանց, ովքեր մի ժամանակ սրտակից ընկերներ էին։