Հիշողությունը բարդ գործընթաց է, որ երեք հիմնական փուլերից է կազմված: Առաջին փուլում ուղեղը «ամրագրում է» զգայարանների միջոցով ստացած ինֆորմացիան, երկրորդին` հիշում է այն, իսկ երրորդին արդեն վերարտադրում:
Բոլոր փուլերը միմյանց հետ փոխհամաձայնեցված են: Սակայն երեխաների մոտ այդ փոխհամաձայնեցվածությունը աստիճանաբար է զարգանում, ուստի անհրաժեշտ են վարժանքներ:
Նախկինում ընդունված էր մոտեցումը, որ նորածնի հիշողությունը «թղթի մաքուր էջ» է: Սակայն իրականում այդպես չէ, փոքրիկը հատվածաբար հիշում է մայրիկի փորիկում կատարվածը: Այս տեսությունն է հաստատում այն, որ երեխան շուտ հանգստանում է` լսելով երաժշտությունը, որը մայրը լսել է հղիության ընթացքում:
Գիտնականները պարզել են, որ նորածինը հիշողությունում ինչ-որ բան կարող է պահել մի քանի վայրկյանով: Սակայն աստիճանաբար այդ ժամանակը երկարում է:
Մեկ տարեկանից հետո երեխայի հիշողության զարգացումն ավելի ինտենսիվ բնույթ է կրում. Նա ճանաչում է ոչ միայն իր հարազատներին, այլև խաղընկերներին:
Երկու տարեկան հասակում սկսվում է վերարտադրման փուլը: Մասնագետները սա նաև կոչում են ասոցացիաների տարիք: Փոքրիկը հիշում է իրերի և մարդկանց մասին, որոնք իր կողքին չեն տվյալ պահին:
Երեք տարեկանում սկսվում է երեխայի հիշողության զարգացման ամենակարևոր փուլը: Յուքարանչյուր մարդու մանկության մասին լավագույն հիշողություններն այս փուլի հետ են կապված: Փոքրիկը ոչ միայն զգայարանների մակարդակով է ընկալում ինֆորմացիան, այլև շատ լավ գիտակցում է այն:
Հենց այս տարիքում էլ պետք է զարգացնել երեխայի հիշողությունը:
Լսողական հիշողության զրգացման համար աշխատեք երեխայի համար որքան հնարավոր է, շատ հեքիաթ կարդալ, երգել կամ հանգավորված բանաստեղծություններ արտասանել: Երեխան շուտով դրանք կսովորի և կվերարտադրի: Սա նպաստում է լսողական հիշողության զարգացմանը:
Տեսողական հիշողության զարգացման համար կարելի է այսպիսի խաղ խաղալ. երեխայի առջև մի քանի տարբեր ձևերի առարկաներ դրեք: Թող ուշադիր նայի: Իսկ երբ կշրջվի, թաքցրեք իրերից մեկը կամ երկուսը: Թող երեխան գուշակի, թե որ առարկան չկա: Կարելի է նաև երեխային նկարներ տալ և առաջարկել դրանք դասավորել ըստ պատկերված թեմատիկայի` բույսեր, կենդանիներ, կառույցներ, տրանսպորտ, մարդիկ և այլն:
Շարժողական հիշողության զարգացման համար երեխային առաջարկեք Ձեր հետևից կրկնել տարբեր շարժումներ, վարժություններ: Թվում է, թե հեշտ վարժություն է, սակայն միանգամից բոլոր շարժումները կրկնելը չի ստացվի: Մի քանի շաբաթ մարզանք, և երեխան արդեն կկարողանա գերազանց կատարել առաջադրանքը:
Զգայական հիշողությունը զարգացնելու համար երեխային ցույց տվեք տարբեր նյութերից պատրաստված առարկաներ: Երեխան պետք է շոշափի այդ առարկաները, իսկ հետո փորձի փակ աչքերով, միայն շոշափելով որոշել, թե որը որ առարկան է: Այսպես նա կսովորի հիշել զգացումները:
Նյութն ըստ vse-pro-detey.ru կայքի