Տանձը կարևոր միրգ է աճող օրգանիզմի համար, որովհետև հարուստ է A, B և C վիտամիններով, երկաթով, կալիումով ու սննդային մանրաթելերով, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը, օգնում լիարժեք զարգանալ:
Այս միրգը պարունակում է մոտավորապես 80% ջուր, 10,4% ածխաջրեր, 0,3% օրգանական թթուներ, 2,6% բջջանյութ, հանքային աղեր։ Տանձը լավ է մարսվում օրգանիզմի կողմից և կարող է անգամ բարձրացնել տրամադրությունն ու տոնուսը, բացել ախորժակը, դրականորեն ազդել սրտի աշխատանքի վրա: Տանձը փոքրիկի ռացիոն ներմուծել է պետք խյուսի ձևով: Դրա համար վերցնում եք մեկ հասած տանձ և մի փոքր ջուր:
Պատրաստման ընթացքը
Տանձը եփելուց առաջ լվանում եք, հանում կորիզները, ապա մանր կտրատում և ջրով փոքր կաթսայի մեջ տեղավորում։ Խառնում եք ու կափարիչը ծածկում, թողնում եք կրակի վրա 7 րոպե։ Եփված տանձը հյութի հետ լցնում եք բլենդերի մեջ և վերածում համասեռ զանգվածի։ Մատուցում եք խյուսը երեխային տաք վիճակում։
Բարի ախորժակ