Սալորաչրով և բանանով խյուս 6-12 ամսականների համար

Սալորաչիրը բջջանյութի, սորբիտոլի ու սննդային մանրաթելերի արժեքավոր աղբյուր է:

Բջջանյութը կարևոր դեր է խաղում աղեստամոքսային տրակտի գործունեության կարգավորման մեջ` նվազեցնելով մարսողական համակարգի հիվանդությունների առաջացման վտանգը, իսկ սորբիտոլը թուլացնում է աղիները և օգնում ազատվել փորկապությունից: Սալորաչիրն ակտիվացնում է ստամոքսի հյութազատությունը, ունենում է հակաբակտերիալ ազդեցություն, դադարեցնում է երեխայի աղիներում վնասակար միկրոօրգանիզմների տարածումն ու աճը։ Դրսևորում է միզամուղ ազդեցություն, օգտակար է լինում տեսողությանը` շնորհիվ վիտամին A-ի: Սալորաչրի բաղադրության մեջ մտնում են բետա-կարոտինը, նշանակալի քանակությամբ վիտամիններ (Е, РР, С, В), միկրո և մակրոէլեմենտներ (երկաթ, կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, կոբալտ, յոդ, ֆտոր) ու այլ օգտակար տարրեր (պեկտին, օրգանական թթուներ, օսլա): 100 գ սալորաչրի կալորիականությունը ցածր չէ,  կազմում է մոտավորապես 256 կկալ: Նրանում կան 57.5 գ ածխաջրեր, մինչև 0.7 գ ճարպեր և 2.3 գ սպիտակուց, շաքար` գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա:  6-12 ամսական փոքրիկներին այն պետք է տալ քիչ և զգուշորեն: Եկեք այս անգամ վերցնենք 4 հատ սալորաչիր ու մեկ բանան: 

 

Խյուսի պատրաստման ընթացքը

Սալորաչրի վրա եռման ջուր լցրեք և 3-4 րոպե թողեք այդպես: Դրանից հետո դատարկեք ջուրը, սալորաչիրը դրեք փոքր կաթսայի մեջ ու լցրեք վրան սառը ջուր: Այն 8-10 րոպե պետք է մնա դանդաղ կրակի վրա: Վերջում փափուկ սալորաչիրը մեկ հասած բանանի հետ հարեք բլենդերով:              

 

Բարի ախորժակ