Ծիրանով և բանանով խյուս 8-12 ամսականների համար

Նախընտրելի է՝ ծիրանի հետ փոքրիկի ծանոթությունը կատարվի 8-10 ամսականում: Ծիրանը հարուստ է պեկտինով, իսկ այդ նյութն աղիների լավագույն «մաքրող» միջոցն է, հիանալի կերպով հեռացնում է այնտեղ կուտակված տոքսինները։

Բջջանյութն արդյունավետորեն պայքարում է փորկապության դեմ՝ ապահովելով մեղմ լուծողական ազդեցություն։ Այս միրգը պարունակում է C, E, H, P վիտամիններ, բազմաթիվ միկրոէլեմենտներ՝ յոդ, երկաթ, արծաթ։ Մեծացնում է ախորժակը, դրականորեն ազդում իմունիտետի վրա, ամրացնում մկանային և ոսկրային համակարգերը։ Ծիրանում կան կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում երիկամների ու սրտի աշխատանքի վրա։  Ծիրանի գույնը պայմանավորվում է բաղադրիչ կարոտինով, որը կարող է օգնել իմունիտետի բարձրացման հարցում։ Նրանում առկա B խմբի վիտամիններն ապահովում են նյարդային համակարգի նորմալ աշխատանքը, օգնում են կենտրոնացնել ուշադրությունը։ Կարող ենք խյուս պատրաստելու համար վերցնել 2-3 ծիրան (այդ թվում՝ սառեցված) և մեկ բանան։ 

  

Պատրաստման եղանակը

 

Կաթսայի մեջ լցնում ենք ջուր, ավելացնում առանց կորիզների ծիրանը, հասցնում եռման աստիճանի, ապա կրակն իջեցնում՝ հասցնելով նվազագույնի։ Եփում ենք ծիրանը մոտ 15 րոպե։ Գազօջախի վրայից վերցնելուց հետո հովացնում ենք ու կտրատված բանանի հետ բլենդերով հարում։

  

Բարի ախորժակ