Բերանի խոռոչի միկրոֆլորան սովորաբար հաստատուն է, բայց, իհարկե, արտաքին գործոնների ազդեցությանը նույնպես կարող է ենթարկվել:
Մանրէների առաջին զանգվածային ներխուժումը բերանի խոռոչ կատարվում է մարդու կյանքի առաջին իսկ ժամերին, և տվյալ գործընթացը հետագայում չի դադարում: Միգուցե որոշ ծնողներ չընդունեն, սակայն փաստ է՝ փոքրիկի շրթունքները համբուրելը, մայրիկի կողմից ծծակը լպստելն այն երեխային տալուց առաջ, կերակուրը գդալով փորձելը, ապա նույն գդալով փոքրիկին առաջարկելը նպաստում են մեծաքանակ մանրէների փոխանցմանը: Այդ մանրէները հիմնականում ախտածին են նորածնի համար: Բալիկի օրգանիզմն էլ դեռ ընդունակ չէ պայքարել, ու հենց դա է դառնում ստոմատիտի, կաթնախտի պատճառ: Համբույրի միջոցով կարող են փոխանցվել, օրինակ, հերպես, ինֆենկցիոն մոնոնուկլեոզ, ցիտոմեգալովիրուս:
Բակտերիաների զարգացման համար բերանի խոռոչն ամենալավ միջավայրն է, իսկ հիգենայի նորմերի չպահպանումը հանգեցնում է տեղային իմունիտետի անկման, ինչն էլ իր հերթին՝ մշտական միկրոֆլորայի ախտածին դառնալուն: Ուստի պետք է հետևել կանոններին ու չստեղծել երեխային բակտերիալ, սնկային, վիրուսային հիվանդություններով վարակելու վտանգ:
Նյութի հեղինակ՝ ատամնաբույժ Լիլի Մխիթարյան