Ե՞րբ է փոքրիկը սկսում նստել և ինչպե՞ս հասկանալ, որ նա պատրաստ է

«Իմ փոքրիկ»-ի զրուցակիցն է մանկաբույժ Եվա Հարությունյանը։

Երեխաները սովորաբար նստում են վեց ամսականում, յոթ ամսականում աշխատում են անել դա առանց բռնվելու հարմարանքներ փնտրելու, իսկ ութ ամսականում` լիովին ինքնուրույն։ Սրանք, իհարկե, միջինացված տվյալներ են, քանի որ յուրաքանչյուր բալիկի պարագայում ժամկետն անհատական է։ Առաջին երեխան կարող է մեկ ամիս շուտ նստել, երկրորդն՝ ավելի ուշ։ Հարկ է առանձնացնել այն հանգամանքը, որ հինգ ամսականում փոքրիկները չեն ցանկանում երկար մեկ դիրքով պառկած մնալ, մի կողքից մյուս կողքի վրա են շուռ գալիս։ Եվ հաճախ անհամբեր մայրիկները հենց այս տարիքում են սկսում երեխաներին նստեցնել՝ մտածելով, որ արդեն ժամանակն է, սակայն այդպես հավելյալ ճնշում են գործադրում փոքրիկի  ողնաշարի վրա։ Մինչև վեց ամսականը բալիկի ողնաշարը պատրաստ չէ նստած դիրքի ծանրությանը։ Ժամանակից շուտ կատարվող փորձերը հետագայում կարող են վատ անդրադառնալ առողջության վրա։ Եթե փոքրիկն ինքնուրույն նստելու փորձեր չի անում, պետք չէ նստեցնել նրան՝ բարձերով շրջապատված, նստած դիրքում տեղափոխել մանկասայլակով կամ նստեցնել ծնկներին։

Երբ երեխան վեց ամսական է ու չկան հատուկ հակացուցումներ, կարող եք ստուգել՝ որքանով է զարգացած ողնաշարը։ Երեխային դրեք հարթ և կոշտ մակերևույթի վրա (սեղան, հատակ), ապա կանգնեք երեխայի դիմաց ու մեղմորեն բռնեք նրա դաստակներից, դանդաղորեն քաշեք ձեռքերը դեպի ձեզ՝ առանց երեխային նստեցնելու։ Եթե բալիկը փորձում է քաշել ձեր ձեռքերից, ձգվում է, ապա նա պատրաստ է ինքնուրույն նստելուն։ Եթե իրեն չի քաշում վեր, ապա հակված է պառկելուն, ու նստելու մասին մտածելը դեռ վաղ է։ Անհանգստություն ունենալու դեպքում մայրիկն ու հայրիկը կարող են դիմել մանկական նյարդաբանի։ Այնուամենայնիվ, որպեսզի երեխան փորձի նստել, նրա մեջքի մկանները պետք է բավականաչափ զարգացած լինեն, և գոյություն ունեն որոշ պարզ վարժություններ, որոնք ի սկզբանե կօգնեն ամրացնել մկանային համակարգը։ 0-3 ամսականում բալիկի որովայնը և մեջքը կարելի է նրբորեն շոյել վեր ու վար շրջանաձև շարժումով, ձեռքերը՝ ափերից մինչև ուսեր, ոտքերը՝ ոտնաթաթերից մինչև ազդրեր։ Երեք ամսականից հետո շարժումներն ավելացվում են։ Բացում են երեխայի ձեռքերն ու թեթև թեքում, բալիկին ճոճում են այս և այն կողմ՝ պահելով մեջքը։ Կիրառելի է նաև հետևյալ վարժությունը․ երեխային պառկեցնում են մեջքի վրա, բռնում սրունքներից՝ մատները հպելով ծնկներին ու ապահովում փոքրիկի մարմնի շարժը։