8 ամսական․ ի՞նչ է սովորում երեխան, որքա՞ն է քնում և ինչպիսի՞ խնդիրների բախվում

Մանկաբույժ Արփինե Հովակիմյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է 8 ամսական երեխայի զարգացման մասին:

Յուրաքանչյուր տարիքային փուլում՝ հատկապես ութ ամսականում, երեխաներն անընդհատ շփման ու ջերմության կարիք ունեն: Կարո՞ղ եք կռահել, թե ծնողների որ գործողությունների շնորհիվ են նրանք իրենց լսված, սիրված և հասկացված զգում: Մտածում եք, որ դրանք զրույցն ու խաղե՞րն են: Դուք լիովին ճիշտ եք: Մայրիկի ու հայրիկի կողմից իրենց ամենօրյա զբաղմունքների մասին բարձրաձայն պատմելն ութ ամսական բալիկին օգնում է հասկանալ բանավոր խոսքը, բառերի նշանակությունը: Բալիկը կարող է լինել մեծահասակի դեռևս քչախոս, սակայն ուշադիր և լավագույն  զրուցակիցը: Նա հաճույքով լսում է ծնողի ձայնը, սիրում է հետևել նրա դեմքի արտահայտություններին: Նա լսում է, իսկ մյուս պահին ընդօրինակում հնչյունները, ասում «մայրիկ» կամ «հայրիկ»՝ չգիտակցելով  տվյալ բառերի իմաստը: Սա է պատճառներից մեկը, որ պետք է շատ կարդալ ու երգել երեխայի մոտ, կենդանիների ձայներ արտաբերել: Ութ ամսականն այն տարիքն է, երբ երեխայի ուղեղի աճի տեմպերն արագանում են, ամրապնդվում է հիշողությունը, և ծնողը կարող է նկատել՝ ինչպես է բալիկն ավելի սերտ կապեր ձևավորում իր սիրելի մարդկանց, խաղալիքների ու գրքերի հետ: Հաջորդող ամիսների ընթացքում փոքրիկը սովորում է գնահատել, ցույց տալ կարեկցանք և «կրկնել» դիմացինի տրամադրությունը: Օրինակ՝ եթե բալիկը  լսում է ինչ-որ մեկի լացը, նա ևս սկսում է լաց լինել:   Այս ամիս երեխայի մոտ առկա բաժանման անհանգստությանը գումարվում է անծանոթների նկատմամբ ունեցած վախը: Երկուսն էլ երեխայի զարգացման առանձնահատկություններն են և չպետք է «սարսափեցնեն» ընտանիքի անդամներին:

  

Փոքրիկի սնունդը

 

Ութ ամսականում երեխաները դեռ ընտելանում են հավելյալ սննդին․ որոշներն օրական երկու անգամ են ուտում, որոշներն էլ՝ երեք:   8-9 ամսականում երեխան պատրաստ է լինում կտորներով սննդի ընդունմանը, առանց մայրիկի օգնության սննդից օգտվելուն: Հարկավոր է այս նպատակով օգտագործել եփած բանջարեղենի փոքր կտորներ, մանրացված միրգ, հնդկահավի կամ այլ մսի սիսեռի չափի կտորներ: Բանջարեղենը պետք է լավ եփված և փափուկ լինի, որպեսզի  երեխան հեշտությամբ վերցնի: Երեխային նոր մթերք տալուց հետո օրգանիզմի ռեակցիային մի քանի օր հետևելու «մարտավորությունը» ծնողները շարունակելու են: Սննդային ալերգիաները բացահայտելը կարևոր է:

  

Շարժողական հմտությունների զարգացման պատկերը

 

Ութ ամսական փոքրիկը սկզբում աշխատում է տպավորել հարազատներին իր «պարզ» շարժումներով՝ մանր իրեր ու սննդի կտորներ բռնելով, մի ձեռքից մյուսը հմտորեն փոխանցելով, մատնացույց անելով: Այնուհետ անցում է կատարում «բարդ» շարժումներին՝ սողալուն և կանգնելուն: Բալիկը հաճախ է փորձում կանգնել՝ բռնվելով օրորոցից: Դրա համար պետք է համոզվել, որ օրորոցի ներքնակը ցածր դիրքի վրա է, որպեսզի երեխան չընկնի: Իսկ ահա սողալը սկսում է, երբ կարողանում է նստել առանց աջակցության: Ընդհանրապես, պետք է խրախուսել երեխայի շարժը, նրա հետ խաղալիքներ թաքցնել ու փնտրել: Այդ ամենը բալիկին տալիս է մկանային ուժ ձեռք բերելու հնարավորություն:     

  

Ե՞րբ անհանգստանալ երեխայի համար

 

Ծնողներին պետք է անհանգստացնի այն, որ իրենց ութ ամսական բալիկը`

  • Չի հետևում շարժվող առարկաներին և չի թեքում գլուխը ձայնի ուղղությամբ
  • Անձամբ ձայներ չի հանում
  • Ցույց չի տալիս՝ ուրախ է, թե տխուր
  • Չի գլորվում կամ ինքնուրույն նստելու փորձեր չի կատարում:

  

Քուն և ուղեկցող խնդիրներ  

 

Երեխային օրական անհրաժեշտ է լինելու 12-16 ժամ քուն: Չափազանց հոգնած փոքրիկը կարող է երբեմն դիմադրել քնելուն, այնպես որ մայրիկները պետք է հետևեն երեխայի հոգնածության նշաններին և քնի ռեժիմին: Ութ ամսականում էլ գրանցվում են քնի հետ կապված խնդիրներ ատամների աճի և զարգացման փոփոխությունների պատճառով: Կարող են դիտվել այտուցված ու զգայուն լնդեր, դյուրագրգռություն, ուտելուց հրաժարում: Իրավիճակում կողմնորոշվելու, դեղորայք տալուց առաջ պետք է խորհրդակցել մանկաբույժի հետ։ Չի կարելի օգտագործել ձեռքի տակ ընկած գելերը կամ բենզոկաին պարունակող դեղամիջոցներ, հոմեոպաթիկ ատամնաբուժական հաբեր, ասպիրին: Դրանք անվտանգ չեն փոքր երեխաների համար: Հարկավոր է հիշել նաև, որ չի կարելի թափահարել երեխային: Դա էլ վտանգավոր է և կարող է ուղեղում առաջ բերել արյունազեղում: