Գազարով և կարտոֆիլով խյուս 6-12 ամսականների համար

Գազարը երեխայի սննդակարգի կարևոր բաղադրիչներից մեկն է: Նախ՝ գույնը պայմանավորվում է նրանում մեծ քանակությամբ կարոտինոիդների առկայությամբ, որոնք մասնակցում են վիտամին A-ի սինթեզին։

Վերջինի պակասը կարող է հանգեցնել տեսողության վատթարացման: Ուստի գազարի խյուս ուտելը կօգնի փոքրիկին բարելավել տեսողությունն ու նվազեցնել աչքի հիվանդությունների առաջացման վտանգը։

Այս բանջարատեսակը պարունակում է B, E վիտամիններ, նատրիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, որոնք անհրաժեշտ են երեխայի ներդաշնակ զարգացման համար։ Գազարում առկավիտամին C-ն խթանում է արյան սպիտակ բջիջների՝ լեյկոցիտների գործունեությունը և դրանով իսկ բարձրացնում իմունիտետը, իսկ սննդային մանրաթելերն օգնում են պահպանել աղիների միկրոֆլորան: Գազարի խյուսի օգտագործումը ակտիվացնում է նաև թքարտադրությունը, իսկ թուքն, ինչպես գիտենք, պայքարում է բերանում օտար մասնիկների ու բակտերիաների դեմ, պահպանում բերանի խոռոչի առողջությունը: Առավելություններին ծանոթանալուց հետո կարելի է վերցնել 180 գ գազար, 300 գ կարտոֆիլ և ձիթապտղի ձեթ, պատրաստել օգտակար խյուս։

 

Պատրաստման եղանակը

Մանրացված գազարը լցրեք ջրի մեջ, եփեք 10 րոպե, ապա ավելացրեք կարտոֆիլն ու միասին եփեք ևս 15 րոպե։ Հաջորդիվ կարտոֆիլն ու գազարը վերցրեք գազօջախի վրայից, քամեք ջուրն ու տրորեք պատառաքով։ Խառնուրդի վրա մի քիչ ձեթ լցրեք և հարեք բլենդերով՝ ստանալով համասեռ զանգված։

 

 Բարի ախորժակ