Բրնձով և դդմիկով շիլա 6-12 ամսականների համար

Բրնձի շիլան միանգամայն օգտակար է հավելյալ սննդի անցած փոքրիկի համար, ունակ է հագեցնելու և վերականգնելու երեխայի ուժերը։

Այն բարենպաստ ազդեցություն է ունենում աղիների աշխատանքի վրա, լրացնում օրգանիզմում երկաթի, A, B վիտամինների ու յոդի պակասը: Բրինձը հարուստ է օսլայով, ինչն օգնում է ստեղծել պաշտպանիչ շերտ և չգրգռել ստամոքսաղիքային տրակտի օղակները։ Նաև  չի պարունակում գլյուտեն, որը կարող է չմարսվել վաղ տարիքի երեխաների կողմից ու առաջ բերել սննդային ալերգիա: Բրնձի վիտամինային կազմը նպաստում է փոքրիկի նյարդային համակարգի ու մտավոր զարգացմանը, միկրոէլեմենտներն ապահովում են մազերի, եղունգների, մաշկի առողջությունն ու ոսկրային հյուսվածքի ձևավորումը։ Առաջարկում ենք վերցնել 100 գ բրինձ, 1 դդմիկ, 250 մլ կաթ և 250 մլ ջուր։ 

 

Պատրաստման ընթացքը  

1․ Մաքրում ենք դդմիկի կեղևը, հեռացնում սերմերը, բաժանում ենք դդմիկը շերտերի:

2․ Բրինձը մանրակրկիտ լվանում ենք, դնում ենք փոքրիկ կաթսայի մեջ, լցնում սառը ջուր և ուղարկում եռման։

3․ Երբ ջուրը եռա, ավելացնում ենք դդմիկի շերտերը, ապա սառը կաթը։ Խառնում ենք զանգվածն ու կրկին հասցնում եռման աստիճանի։

4․ Կափարիչով ծածկում ենք ու եփում 7-8 րոպե։

5․ Շիլան կրակի վրայից վերցնելուց հետո  դնում ենք մի կողմ 20-25 րոպե, ապա մատուցում երեխային։

    

 

Բարի ախորժակ