Երեխայի կղանքը ջրային է, սպիտակ, դեղին, դեղնականաչավուն կամ մամռանման, լորձի ու նույնիսկ արյան պարունակությամբ, ոչ նորմալ կոնսիստենցիայով դիտվում է օրական երեք և ավելի անգամ։ Ի՞նչ կարող է սա հուշել ծնողներին։
Իմացե՛ք, որ փոքրիկի մոտ առկա է փորլուծություն։ «Փորլուծության պատճառները կարող են լինել ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն։ Ինֆեկցիոն բնույթի պատճառներ են բակտերիաները, մակաբույծները, վիրուսները՝ կորոնավիրուս, ռոտավիրուս, ադենովիրուս, նորովիրուս, աստրովիրուս և այլն։ Ոչ ինֆեկցիոն տիպի փորլուծության հիմքում որոշ բնածին արատներն են և զարգացման անոմալիաները, կոնկրետ սննդանյութերի՝ լակտոզի, գլյուտենի նկատմամբ անտանելիությունը, սննդային թունավորումները, աղիների բորբոքային հիվանդությունները, ուռուցքները»,- նշում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Նուշիկ Շիրինյանը և հավելում՝ տարբերում են սուր փորլուծություն, որը տևում է մինչև 14 օր, ու քրոնիկական, որի տևողությունը կազմում է 14 օրից ավելի։
Փորլուծությունը հաճախ հանդիպող խնդիր է երեխաների շրջանում և սովորաբար ընթանում է թեթև, անցնում է առանց հատուկ բուժման, սակայն երբեմն (բակտերիալ ծագման, իմունոդեֆիցիտային վիճակների, ուղեկցող հիվանդությունների պարագայում և այլն) կարող է ընթանալ ծանր, առաջացնել ինտոքսիկացիա, ջրազրկում, տարբեր օրգան-համակարգերի ախտահարում, պահանջել հատուկ բուժում, հոսպիտալացում։ Այն, բացի հաճախակի, չձևավորված, ջրիկ, փրփրոտ, պաթոլոգիկ պարունակություններով կղանքի, կարող է ուղեկցվել նաև այս ախտանշաններով՝ ախորժակի անկում, փսխումներ, որովայնացավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, թուլություն և քնկոտություն, կրծքի հասակի երեխաների դեպքում՝ լաց ու անհանգստություն։ Հնարավոր է, որ ընթանա գունատությամբ, աչքերի շուրջ սև շրջանակների առաջացմամբ, լեզվի փառակալմամբ, մեզի քանակի նվազմամբ և գույնի մգացմամբ, քաշի կորստով։
Մանկաբույժը շեշտում է, որ փորլուծության ժամանակ վտանգի նշաններ են հանդիսանում 5 և ավելի անգամ շիթային փսխումները, 10 և ավելի անգամ կղանքը, արյունն արտաթորանքում, արտահայտված թուլությունը, քնկոտությունը, հրաժարումը հեղուկներից։ Վտանգավոր ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի, ստանալ համապատասխան բուժում՝ հնարավոր բարդությունները կանխելու համար։ Ծնողները պետք է հիշեն, որ փորլուծության ընթացքում հարկավոր է երեխայի սննդակարգից բացառել թարմ բանջարեղենը, միրգը՝ բացառությամբ բանանի, կարելի է տալ եփած կամ խորոված վիճակում բանջարեղեն։ Պետք է բալիկին առաջարկել շատ հեղուկներ՝ հյութեր, բայց ոչ թարմ քամած, ջուր, թեյ՝ ջրազրկումը կանխելու նպատակով։



