Վախ մենակությունից, հեքիաթի և ֆիլմի հերոսներից․ որո՞նք են փոքրիկի մոտ վախերի առաջացման պատճառները

Հղի կինն անհանգստանում է և մտածում՝ փոքրիկին կարող է կորցնել: Ի՞նչ եք կարծում, տվյալ իրավիճակը որևէ կերպ կարդրադառնա՞ նրա ներսում զարգացող պտղի վրա: Միանշանակ կանդրադառնա:

«Դեռևս պրենատալ՝ ներարգանդային շրջանում բալիկին կարող են փոխանցվել մայրիկի ապրումներն ու հաղորդել անապահովության զգացում, որը հետագայում հիմք կծառայի երեխայի մոտ վախերի ձևավորման համար:  Առհասարակ, ծննդից հետո տարիքային զարգացմանը զուգընթաց փոքրիկի մոտ արտահայտվում են զանազան վախեր: Նախադպրոցական տարիքում կարող են դրսևորվել սոցիալական, բժշկական բնույթի, կորցնելու ու մահվան, մուլտֆիլմերի և ֆիլմերի, հեքիաթի ու խաղերի հերոսներից ունեցած վախերը»,- ասում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ այն, որը համարում ենք նորմալ նախադպրոցական տարիքում, դպրոցական տարիքում դիտարկվում է որպես անհանգստացնող երևույթ:

Երեխայի մոտ վախերի արմատացման վրա մեծապես ազդող գործոններ են`

 

Միջավայրը և տեղեկատվությունը

Ներկայումս համացանցն ընձեռում է տարատեսակ հնարավորություններ, և երեխաները հաճախ դիտում են բռնության  կադրեր պարունակող ֆիլմեր։ Նրանք բռնության կադրեր նայելիս և՛ վախենում են, և՛ հաճույք ստանում, ավելանում է ադրենալինի չափաբաժինն օրգանիզմում: Անհրաժեշտ է բալիկի հետ շատ խոսել, սակայն առանց արգելքների: Միասին նայել այն, ինչ երեխան է նախընտրում: Անպայման վերլուծել, որպեսզի բալիկը գիտակցի այդ կադրերի բացասական հետևանքներն իր վրա, ոչ թե չնայի զուտ այն պատճառով, որ մայրիկն ու հայրիկն են արգելում: Հարկավոր է զգույշ ընտրել նաև հեքիաթներն ու խաղերը: Էական է փոքրիկին բացատրել՝ ինչպես իրեն մատուցվող տեղեկատվությունից ընտրի այն, որն իրեն չի վնասում, պահպանի հոգեբանական հիգիենան: 

 

Ընտանիքն ու դաստիարակությունը

Որոշ իրադրություններ առաջին հայացքից «անմեղ» են թվում, սակայն թաքուն վնասում են բալիկին:  Օրինակ՝ երեխան ցանկանում է ծնողների հետ տեղ գնալ, բայց քանի որ նրանք դա չեն ծրագրել, շտապում են ստել՝ ասելով, որ կտանեն ու անհետանում են: Փոքրիկը, բնականաբար, վատ կզգա իրեն և կհուզվի, կարծես նրան թողնում-լքում են։ Հիշենք, որ երբեք և ոչ մի պարագայում չպետք է խաբենք երեխային: Դա հանգեցնում է նրան, որ փոքրիկը կորցնում է վստահությունը մեծահասակի հանդեպ, ունենում անպաշտպանվածության զգացում: Սուտը երեխայի համար արդեն իսկ անորոշություն է, այսինքն՝ տագնապ: Իսկ տագնապը հետո կարող է արտահայտվել մի շարք սոմատիկ դրսևորումներով՝ սրտխփոց, շնչարգելություն, փորացավ և այլն: Ի տարբերություն տագնապի՝ վախը պաշտպանական բնույթ ունի, և  նրա օբյեկտն առկա է: Որևէ երևույթից երկարատև վախը կարող է վերածվել ֆոբիայի, որն արդեն ծայրահեղ, չկառավարվող և մշտական վախն է: 

 

Անձնային առանձնահատկությունները

Փոքրիկը սովորաբար ապրում է հույզերով և չի վերլուծում իր հետ կատարվողը: Նա ծնողի միջոցով է ճանաչում շրջակա աշխարհը, իմանում՝ ինչ է արվում ու ինչ նպատակով: Յուրաքանչյուր տարիքային ճգնաժամի ճիշտ հաղթահարումը երեխային տալիս է աճ և ինքնուրույնություն: Այդ ճգնաժամերի հաղթահարման գործում կարևոր է մեծահասակի դերը, որը բալիկին կա՛մ կտանի դեպի զարգացում, կա՛մ իր տագնապներով և գերխնամքով կնպաստի տարաբնույթ վախերի, օրինակ՝ սխալվելու վախի, որը կառաջանա հատկապես դպրոցական տարիքում:

Իմիջայլոց, հասուն տարիքում ի հայտ եկած վախերի հիմքում կարող են լինել հենց մանկության ժամանակ չհաղթահարված վախերը: Հասուն շրջանում դրանք հնարավոր է լուծել՝ աշխատելով մեր մեջ ապրող երեխայի հետ, գիտակցական դաշտ  բերել այն, ինչը մեր կողմից ճնշված կամ չգիտակցված է: Փոքր տարիքում բալիկին կարելի է օգնել մի շարք տեխնիկաների և արտթերապևտիկ ուղղությունների՝ ավազաթերապիայի, կավաթերապիայի, խմորաթերապիայի, հեքիաթաթերապիայի, դրամաթերապիայի միջոցով:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան