Երեխան չի ուզում ժամանակին քնել․ ի՞նչ պետք է անի մայրիկը

Ներկայացնում է քնի մասնագետ Աստղ Նադիրյանը: 

Մայրիկները հաճախ են հայտնվում այն իրավիճակում, երբ իրենց նախադպրոցական տարիքի՝ 3-7 տարեկան բալիկը չի ցանկանում քնել, իրեն ակտիվ է պահում և մտածում ամեն ինչի մասին, բացի քնից։ Ինչու՞ է սա տեղի ունենում, և ինչու՞ է փոքրիկը մերժում ծնողի՝ իրեն քնեցնելու փորձերը։

Տվյալ տարիքում խնդիրները հիմնականում ծեսերի, կանոնների և սահմանների հետ են կապված լինում։

Երեխաները սիրում են կանխատեսելիություն և  ընդդիմանում են փոփոխություններին։ Էական է ունենալ հստակ գործողություններ, որոնք, կարծես, կամփոփեն օրը, երեխային ժամանակ կտան ավարտել իր գործերը և հետո միայն գնալ քնելու։ Դրա համար պետք է բալիկի հետ քննարկել՝ ինչ ենք անում քնից առաջ, քնի պրոցեսը դարձնել հաճելի քնից առաջ կատարվող տաքուկ արարողության շնորհիվ և երբեք ակտիվ խաղացող երեխային չկտրել խաղից ու տանել անկողին։ Անհրաժեշտ է փոքրիկին հուշել՝ օրն ամփոփելու պահը եկել է, գնանք լվացվելու և ապա, օրինակ, գիշերազգեստն ընտրելու։ Ընդհանուր առմամբ, խնդիրներից խուսափել կարելի է քնի հանդեպ դրական վերաբերմունք և առողջ մշակույթ ձևավորելու շնորհիվ։ Օրինակ՝  քնելուց առաջ երբեք տեխնոլոգիաներով չզբաղվել ու էկրաններին չնայել։

Միգուցե որոշ ծնողների հետաքրքրեր հարցը՝ ինչպե՞ս կարելի է երեխայի մոտ ձևավորել շուտ քնելու սովորություն։ Իմացե՛ք, որ երեխան ոչ թե շուտ պետք է քնի, այլ ժամանակին։ Եթե նա ամեն օր արթնանա ժամը տասին, բնականաբար չի կարողանա քնել երեկոյան 11-ից շուտ։ Դրա համար հարկավոր է ունենալ ընդհանուր առողջ հիմք․ ժամանակին արթնանալ, երեխայի առօրյան կազմակերպել և օրը համապատասխան ձևով ավարտել։ Երեխան տվյալ տարիքում կարող է որոշումներ կայացնել, սակայն ծնողի իրավասությունների դաշտում է տարբերակներ առաջարկելը։ Եթե հենց ընտանիքում ուշադրություն չեն դարձնում քնի ժամին, ապա բալիկն էլ է նույն կերպ մոտենում հարցին։ Ցանկալի է՝ 3-7 տարեկան բալիկներն օրվա ընթացքում քնեն 12-13 ժամ, ընդ որում՝ այս ժամանակը բաշխվում է գիշերվա և ցերեկվա միջև։ Օրինակ՝ 3 տարեկան փոքրիկը ցերեկը մեկ ժամ քնել է, ապա նորմալ է, որ գիշերը քնի 10,5-11 ժամ։

Դպրոցական տարիքին մոտենալիս բալիկի քնի կարիքը սկսում է պակասել։ Երեխան բավարար չափով քնել է, թե ոչ` կհուշեն նրա տրամադրությունն ու վարքը։ Եթե նա առավոտյան դժվարությամբ է արթնանում, օրվա ընթացքում քնկոտ է, կենտրոնացման հետ դժվարություններ ունի և վարքային որոշակի խնդիրներ, ապա հստակորեն մեր երեխան բավարար քուն չի ստանում։ Առողջ քնի տեսանկյունից կատարյալ է, որ երեխաները քնեն 19։00-21։00-ի հատվածում։ Նշված միջակայքում ողջ մարմինը նպաստում է ամուր և առողջ քնին, արտադրվում են համապատասխան հորմոններ, մասնավորապես մելատոնինը։ Երեխան պետք է արթնանա առանց զարթուցիչ՝ թարմացած և նորմալ տրամադրությամբ։

Բալիկի ամեն օր ստացած ինֆորմացիայի քանակն ուղղակի ահռելի է, և առողջ քունն այդ ինֆորմացիայի ընկալման և մարսման գրավականն է։ Երեխան հասցնում է հանգստանալ ու պատրաստ լինում նոր ինֆորմացիայի հոսքին, աշխարհը գրավելուն։ Քնի պակասը կարող է առաջացնել խնդիրներ կենտրոնացման, վարքի, ախորժակի, իմունային համակարգի հետ։ Բազմաթիվ հետազոտություններ կան նաև այն մասին, որ քնի քրոնիկ պակասը առնչվում է ճարպակալման ու շաքարախտի զարգացման ռիսկերի հետ։ Բավականաչափ չքնած երեխան ունենում է դժվարություններ կոորդինացիայի հետ, ավելի հաճախ է վայր ընկնում, դժվար է պահում հավասարակշռությունը, իսկ դպրոցական տարիքում ցերեկային քնկոտությունը խանգարում է սովորելուն։ Կորսված քունը կորսված է, այն չի լրացվում ու վերականգնվում, անգամ եթե շաբաթ-կիրակի սովորականից երկու-երեք ժամ ավել քնենք։ Մեր այսօրվա ռիթմը շատ արագ է, մենք ուզում ենք երեխաներին շատ բան սովորեցնել, հասցնել առավելագույնը ցույց տալ, սակայն չպետք է մոռանալ՝ երեխային հանգիստ ու ռեսուրսներ են պետք այդքանն ընդունելու համար։ Դրա համար խիստ ցանկալի է, որ բալիկի առօրյան լինի բալանսավորված՝ ծանրաբեռնվածության ու հանգստի բավարար քանակի ապահովմամբ։ 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան