Ներկայացնում է կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, երեխաների քնի խորհրդատու Էմմա Արզիևան։
Երեք տարեկանին մոտ երեխայի կյանքում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, որոնցից ամենահզորն ինքնագիտակցության ձևավորումն է: Սա հնարավորություն է տալիս փոքրիկին բացահայտել իր յուրահատուկ բնույթը, հասկանալ, որ ինքը մի ամբողջականություն է` չկրկնվող, լիովին անկախ ծնողներից կամ մեկ ուրիշից: Այս ամենն, իհարկե, և ՛ ոգևորիչ է, և ՛ տագնապային, քանի որ ստացվում է` ոչ միայն ինքն է ազատ, այլև մայրիկը, որը կարող է ժամանակ չունենալ իր համար, կարող է սիրել կամ չսիրել, գնալ, մենակ թողնել: Նման հակասական հույզերն արտահայտվում են նաև երեխայի վարքում. երեխան դառնում է կամակոր, լացկան, ըմբոստ, դժգոհ, պահանջկոտ: Եթե մինչ այդ բալիկն ամեն գնով փորձում էր «կոտրել» մայրիկի հետ ունեցած սիմբիոտիկ կապը, ապա երեք տարեկանում առաջանում է մայրիկից անջատման վախ, որովհետև երեխան ընկալում է՝ մայրիկն իր մի մասնիկը չէ, սեփական պահանջների անմիջական կատարողը չէ: Փոքրիկի մոտ առաջին անգամ անգիտակցական մակարդակում ակտիվանում են մենակ մնալու էկզիստենցիալ վախը և միաժամանակ որևէ մեկին միշտ իր կողքին ունենալու անհագ պահանջը:
Բոլոր դեպքերում ծնողների գործառույթն է ապահովել հնարավորինս շատ դրական էներգիա՝ այդկերպ օգնելով բալիկին հաղթահարել նկարագրված իրավիճակներն ու հույզերը, ինչից հետո անհրաժեշտ է պատկերացումներ ապահովել սեփական «ես»-ի ու շրջակա աշխարհի մասին, սահմանել կանոններ, որոնց շարքում կլինի բռնության բացառումը: Շատերը պատկերացում ասվածի ներքո հասկանում են ինչ-որ ածականների գործածությունը, ընդգծելը՝ նուրբ ես, անասելի գեղեցիկ ես, չքնաղ ես, լավագույնն ես: Որպեսզի երեխան կարողանա մեծահասակի օգնությամբ իրապես ճանաչել ինքն իրեն, պետք է նկարագրության մեջ կիրառել մի քանի բաղադրիչ՝ արտաքին տեսք, խելք, բնավորություն, ձեռքբերում, անձնային առանձնահատկություն: Օրինակ՝ «որքա՜ն գեղեցիկ են քո մազերը, քանի որ հաստ են ու փայլուն», «դու մեծ ձեռքբերում ունես, որովհետև ինքդ կարողանում ես փոխել շորերդ ու հնարավորինս մաքուր ուտել ապուրը»: Այս ձևով երեխան ավելի «գործնական» մակարդակում կճանաչի ինքն իրեն, ինչը թույլ կտա ունենալ ադեկվատ ինքնագնահատական ու կնպաստի ինքնավստահության բնականոն զարգացմանը: Ծնողների մեծ մասը, թերևս, պատկերացումներ ձևավորելու համար ձգտում է երեխային տանել շախմատի, պարի, լողի, օտար լեզուների խմբակներ և այլ տեղեր: Բայց կոնկրետ շրջակա աշխարհի հետ ծանոթացումը 3-6 տարեկանում չպետք է լինի միայն մեխանիկական գիտելիքների հաղորդում, այլ պետք է բավարարի երեխայի հետաքրքրությունները, այսպես՝ ինչու՞ է ծառը գարնանը ծաղկում, իսկ աշնանը` տերևաթափ լինում, այդ ինչպե՞ս է թրթուռից թիթեռ ստացվում և այլն: Միանշանակ, պատասխանները չպետք է լինեն գրքային, տերմիններով, գիտական մակարդակի, պետք է լինեն հարմարեցված երեխայի ինտելեկտուալ զարգացման աստիճանին: Շրջակա աշխարհի մասին տեղեկատվություն տրամադրելու համար հարկավոր է ուղղակի զբոսնել, շրջագայել, բնության գրկում ակտիվ, պասիվ ժամանակ անցկացնել և պատասխանել բալիկի հարցերին: Չպետք է ընկնել ծայրահեղությունների գիրկն ու, դեռ հարցը չհնչած, տալ սպառիչ և ստույգ պատասխան: Անհրաժեշտ է միշտ տեղ թողնել, որ երեխան ինքնուրույն ստեղծագործի ու մտածի:
Հաջորդ կարևոր կետն այս տարիքում սահմաններ գծելն է: Ինչքան էլ մեծահասակները ցանկանան, որ բալիկն ազատ կամք ու անկախություն ունենա, չպետք է մոռանալ՝ վաղ թե ուշ երեխան սոցիումի անդամ է դառնալու, ու կանոններից խիստ շեղումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Օրինակ՝ եթե տանն ամենաթողություն են սահմանել, երեխան կարող է գնալ ու մյուսների անձնական իրերն առանց հարցնելու վերցնել, մեծանում է հավանականությունը, որ նա դա կանի նաև մանկապարտեզում և դպրոցում, հետևանքներն ակնհայտ են: Կամ եթե տանը հարվածում են երեխային, երեխայի ներկայությամբ վիճում, հարվածում իրար, երեխայի մոտ դա կընկալվի որպես վարքի բնականոն վիճակ, ու նա դա կկրկնօրինակի իր սոցիալական միջավայրում: Հարկավոր է իմանալ, որ երեխայի համար 3-6 տարեկանում ավտորիտար նշանակություն ունեն ծնողները: Նրանք ամեն կերպ փորձում են նմանակել ծնողներին, ձևավորվում է «համակրանք» հակառակ սեռի ծնողի նկատմամբ ու բացարձակ կապ չունի, թե ծնողն ինչ արժանիքներ ունի կամ չունի, փոքրիկի համար նա իդեալական է ու մեծ հեղինակություն, նա անմնացորդ սիրով սիրում է իր ծնողներին: Իսկ երբ այդչափ կուրորեն սիրում են ինչ-որ մեկին, դա խոցելի ու թույլ է դարձնում: Եվ եթե ծնողը բռնություն է գործադրում փոքրիկի նկատմամբ, երեխայի մոտ առաջանում են հետևալ իռացիոնալ հույզերը` մեղքի զգացում, ամոթ, վախ, տագնապ, ինքնամեղադրանք: Նաև երեխան ու մեծահասակը նույն հարթության վրա չեն լինում բռնության պահին, ու երեխայի մոտ կարող է արմատավորվել, որ ուժեղը միշտ ճիշտ է, բռնությունն արդեն որպես նորմա ընկալել` վտանգելով իր ապագա հարաբերությունները հասակակիցների, իրենից փոքրերի կամ այլ մեծահասակների հետ:
Բնականաբար, գրեթե ամեն ինչի հիմքը դրվում է ընտանիքում` ելնելով ընտանեկան արժեքներից ու սկզբունքներից: Եվ եթե երեխան ունի շփման, հաղորդակցման, արդյունավետ փոխհարաբերությունների պակաս, ագրեսիվ է, չշփվող, լացկան, ուժ է գործադրում, չի կարողանում լսել, չի ապրումակցում դիմացինի հույզերին, նշանակում է` եկել է ներընտանեկան փոխհարաբերությունները վերանայելու պահը: Մոտավորապես վեց տարեկանից սկսած` ընտանիքի ներազդեցությունը երեխայի վրա կազմում է մոտ 60 տոկոս ու գնալով նվազում` տեղը զիջելով հասարակությանը: Եվ եթե նախորդ տարիքային շրջանները` 0-8 ամսական, 1-3 տարեկան, 3-6 տարեկան, բարեհաջող են անցել, երեխան մեծ հավակնություններ ունի սահուն ու անխոչընդոտ հարմարվելու շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին` զերծ մնալով փսիխոզներից, նևրոտիկ և անձնային խանգարումներից, բնավորության շեշտվածություններից: