Ինչու՞ սահմանել կանոններ փոքրիկի համար և ի՞նչ անել, որպեսզի դրանք աշխատեն

Փոքրիկները հաճախ կարող են հարցնել ծնողներին՝ ինչու՞ այս բանն ինձ չեք թողնում անել, իսկ մյուս երեխային իր մայրիկը կամ հայրիկը թույլ է տալիս։

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով՝ նման դեպքերում ծնողները պետք է աշխատեն նուրբ ձևով բացատրել իրենց կողմից սահմանված կանոններն ու տարբերությունները։ Երեխան գուցե դժվարությամբ հարմարվի, սակայն կհաջողի, ժամանակի ընթացքում կտարբերի կարևորն անկարևորից, զերծ կմնա համեմատություններից։ Օրինակ՝ բալիկն ուտում է հինգ պաղպաղակ, մայրիկը պետք է բացատրի, որ այդքան ուտելը կարող է վնասել նրա առողջությանը։

Հարկ է նկատել, որ բալիկի կյանքում կանոնների սահմանումը կարևոր բաղադրիչ է։ Որքան վաղ տարիքում են բալիկին սովորեցնում ընտանեկան «օրենքներին», այնքան նրա համար հեշտ է լինում ընդունել իրականությունը, որտեղ ինքն ապրելու է։ Դրանք կարող են առնչվել հիգիենայի պահպանմանը, հարազատների, շրջապատող մարդկանց և շրջակայքի նկատմամբ վերաբերմունքի դրսևորման, ցանկությունների վերահսկման և այլնի հետ։ Տվյալ  կանոնները սովորելը և ընդունելը ամենից առաջ օգնում են դառնալ կարգապահ անձնավորություն։

Բալիկները կարող են անգամ չցանկանալ ենթարկվել կանոններին, ինչը խորանում է հատկապես տարիքային ճգնաժամերի դեպքում։ Այդժամ նրանք հակառակվում են իրենց պարտադրվող կանոններին, քանի որ մտածում են՝ իրենց «ես»-ի սահմանները տրորվում են։ Դրա համար փորձում են պայքարել, պաշտպանել իրենց հոգեբանական տարածքը։ Ուղղակի ցանկացած հարցում ծնողները պետք է լինեն համբերատար և ձգտեն ճիշտ ուղղություն ցույց տալ երեխային։ 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան