Երեխայի անվտանգությունն առցանց տիրույթում․ 5 կարևոր կանոն

Եթե ձեր ընտանիքը կորոնավիրուսային հիվանդության բռնկման ժամանակահատվածում մնացել է տանը, ապա հավանական է, որ երեխաները զգալիորեն շատ ժամանակ են անցկացնում առցանց տիրույթում:

Դասեր, ընկերների ու տատիկ-պապիկների հետ զրույցներ, մինչև անգամ՝ ժամանցի որոշ տեսակներ տեղափոխվել են առցանց տիրույթ: Կապի մեջ լինելը օգնում է երեխաներին  նվազեցնել նոր իրողությունների ազդեցությունը և շարունակել կրթվել ու ստեղծագործել: Սակայն դա ծնողների համար նաև նոր մարտահրավերներ է ստեղծում: Ինչպե՞ս առավելագույնս օգտվել ինտերնետի հնարավորություններից՝ նվազագույնի հասցնելով հնարավոր վնասը:

  

Ապահովեք փոքրիկի անվտանգությունը՝ անկեղծ զրույցի միջոցով

Անկեղծ խոսեք երեխայի հետ այն մասին, թե ում հետ և ինչպես կարող է շփվել: Համոզվեք, որ նա հասկանում է բարյացակամ ու աջակցող շփումների կարևորությունը, և որ չարամիտ, խտրական, անպատշաճ շփումները երբևէ ընդունելի չեն: Եթե երեխան առերեսվել է դրանցից որևէ մեկին, ապա հորդորեք՝ այդ մասին պատմի ձեզ կամ իր համար վստահելի մեկ ուրիշ մեծահասակի: Զգոն եղեք և ուշադրություն դարձրեք, երբ երեխան ընկճվում կամ ինքնամփոփ է դառնում առցանց զբաղմունքների, պատահածի արդյունքում: Միասին սահմանեք համապատասխան սարքերից օգտվելու կանոններ. երբ, ինչպես, որքան ժամանակ երեխան կարող է անցկացնել առցանց հարթակներում:

  

Պաշտպանեք նրան տեխնոլոգիաների միջոցով

Ստուգեք, թե որքանով է երեխայի համապատասխան սարքը համալրված վերջին ծրագրային ապահովմամբ և հակավիրուսային ծրագրերով: Հավաստիացե՛ք, որ գաղտնիության պաշտպանիչ կարգավորումները միացված են: Ծածկեք վեբ-տեսախցիկները, երբ դրանցից չեք օգտվում: Ավելի փոքր տարիքի երեխաների դեպքում այնպիսի գործիքները, ինչպիսիք են՝ ծնողական հսկողության ծրագրերը, ապահով որոնումները, կարող են օգնել համացանցային գործունեությունը դրական դարձնելու գործում:

Զգուշացեք առցանց անվճար կրթական աղբյուրներից: Երեխան երբևէ չպետք է իր լուսանկարը, ամբողջական անուն-ազգանունը տրամադրի՝ այդ աղբյուրներից օգտվելու համար: Երեխային սովորեցրեք անձնական տեղեկատվությունը գաղտնի պահել, առավել ևս՝ չտրամադրել անծանոթներին: 

 

Նրա հետ ժամանակ անցկացրեք թվային աշխարհում

Երեխայի համար ստեղծեք ընկերների, ընտանիքի և անձամբ ձեզ հետ առցանց շփվելու ապահով ու դրական հնարավորություններ: Ուրիշների հետ կապը պահպանելը կարևորվում է այս ժամանակներում, և դա կարող է ձեզ համար հիանալի հնարավորություն լինել՝ «վիրտուալ շփումներում» բարություն ու սրտացավություն դրսևորելու լավ օրինակ ծառայել:

Օգնեք երեխային ճանաչել ապատեղեկատվությունը և տարիքին ոչ հարիր նյութերը, խուսափել դրանցից. դրանք կարող են էլ ավելի խորացնել ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված սթրեսը: Միասին որոնեք եւ գտեք նրա տարիքին համապատասխան հավելվածներ, խաղեր, առցանց ժամանցի այլ հնարավորություններ:

  

Խրախուսեք առցանց տիրույթում դրսևորվող առողջ սովորությունները

Խթանեք ու հսկեք առցանց և տեսազանգերի ժամանակ երեխաների պատշաճ վարքը: Քաջալերեք, որ երեխան բարի ու հարգալից լինի դասընկերների հետ, հաշվի առնի, թե ինչ հագուստ պետք է կրի: Ծանոթացեք դպրոցական ուղեցույցներին և օգնության հեռախոսահամարներին՝ կիբերբուլիինգի կամ ոչ պատշաճ առցանց նյութերի մասին հայտնելու համար:

Քանի որ երեխաները համացանցում ավելի շատ ժամանակ են անցկացնում, նրանք կարող են տեսնել այնպիսի գովազդներ, որոնցում գովազդվում են անառողջ սնունդ, գենդերային կարծրատիպեր կամ տարիքին ոչ հարիր նյութեր: Օգնեք նրանց՝ տարբերակել առցանց գովազդները և հնարավորությունից օգտվելով՝ նրանց հետ քննարկեք տվյալ պահին էկրանին հայտնված բացասական որոշ հաղորդագրությունների վատ կողմերը:

   

Թույլ տվեք զվարճանալ և ինքնադրսևորվել

Տանը ժամանակ անցկացնելը կարող է հիանալի հնարավորություն լինել երեխայի համար՝ սեփական տեսակետն արտահայտելու և ճգնաժամի ընթացքում աջակցության կարիք ունեցողներին օգնելու առումով: Խրախուսեք երեխային՝ օգտվելու թվային գործիքների ընձեռած հնարավորություններից, որոնք նրան ստիպում են շարժվել, օրինակ՝ երեխաների համար նախատեսված առցանց մարմնամարզության տեսանյութերը և տեսախաղերը, որոնք ֆիզիկական ակտիվություն են ենթադրում: Չմոռանաք առցանց գործունեությունը հավասարակշռել իրական գործունեությամբ, այդ թվում՝ դրսում զբոսանքներով:

 

 

Աղբյուրը՝ unicef.org