Ի՞նչ պատմել փոքրիկին կանանց տոնի մասին․ ներկայացնում է հոգեբանը

«Մայրիկի և տատիկի համար միշտ բացիկներ եմ պատրաստում: Նրանք անչա՜փ ուրախանում են, երբ դրանք նվիրում եմ նրանց, ինձ ամուր գրկում են ու համբուրում: Հանկարծ չմտածեք՝ բացիկներս դատարկ են: Այնտեղ քաղցր-քաղցր տողեր եմ գրում՝ «Իմ արեգակն ես», «Քեզանով ջերմանում եմ», «Երկնքի չափ սիրում եմ քեզ» ու կողքին թղթով շոկոլադներ փակցնում: Գունավոր գրիչներովս էլ մի փունջ պիոն եմ նկարում ու նվիրում: Համաձայնեք, որ լավ միտք է»:

 

9-ամյա փոքրիկ Սառան է, մանկանը բնորոշ ժպիտով և ոգևորությամբ նկարագրում է, թե ինչպես է պատրաստվում կանանց տոնին: Անհնար է չնկատել, որ աղջնակն, օգտագործելով ձեռքի տակ եղածը, փորձում է հաճելի անակնկալ մատուցել իր սիրելի մարդկանց,  ամենևին ուշադրություն չի դարձնում չափին և ձևին, կարևորում է պահի զգացողությունն ու վստահորեն անցնում իր անելիքներին: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանի կարծիքով՝  երեխաների ներգրավումը տոնի մեջ մեծ կարևորություն ունի նրանց ճիշտ մտածելակերպի ձևավորման հարցում: «Երբ բալիկը տեսնում է՝ ինչպես են հայրն ու եղբայրը ջանում բարձրացնել մայրիկի տրամադրությունը, կտրել նրան առօրյա հոգսերից, ապա նա էլ ակամայից մասնակից է դառնում և նույնն անում՝ չիմանալով անգամ տոնի ծագումնաբանությունը:  Տվյալ երևույթը միանշանակ գովելի է, և շատ բան կախված է ծնողի մոտեցումից: Պետք է հասկանալ՝  ինչ կերպ է մեծահասակը բացատրում երեխային տոնի խորհուրդը և ինչպիսի գաղափար ներդնում դրա մեջ»,- ասում է մասնագետը:

Փոքր երեխաները դժվար հասկանան նախորդ դարում տեղի ունեցած իրադարձությունները և այն, որ կանայք պայքարում էին աշխատանքային իրավունքների համար: Երբ նրանք մեծանան, կարողանան ինքնուրույն կարդալ ու մեկնաբանել, կարելի է մտածել բուն պատմությունը ներկայացնելու մասին: Մինչ այդ ծնողը կարող է ասել, որ մարտի ութն իգական սեռին նվիրված տոն է ու հարկավոր է աղջիկներին գեղեցիկ խոսքեր ասել, սիրել ոչ միայն այս օրը, այլ տարվա մյուս օրերին ևս: «Երեխաները փոքր հասակից պետք է տեսնեն, որ կինը գնահատված է: Եթե ընտանիքում, օրինակ, կան կոնֆլիկտներ, կինը չի ստանում շնորհավորանք կամ միայն այդ օրն է իրեն կին զգում, երեխայի մոտ ստեղծվում է սխալ դիրքորոշում: Նա տոնի իմաստը չի ընկալում»,- շեշտում է հոգեբանը և ավելացնում՝ փոքրիկները զգայուն են, միանգամից տարբերակում են կեղծն անկեղծից, շինծուն իրականից:

Նա խորհուրդ է տալիս երեխայի հետ կազմակերպել հետաքրքիր գործողությունների շարք՝ խոհանոցում միասին ընթրիք պատրաստել, զբոսնել դրսում և վայելել եղանակը, թատրոն գնալ, ֆիլմեր դիտել, որտեղ կնշանավորվեն կնոջ դերն ու հաղթանակները: Առհասարակ, թե՛ իգական, թե՛ արական սեռի ներկայացուցիչներին պետք է փոխանցվի հստակ միտք՝ գնահատել և հոգ տանել միմյանց մասին: Այնպես չէ, որ միայն տղան պետք է  պաշտպանի աղջկան, աղջիկը նույնպես պետք է պաշտպանի իր սեռի ներկայացուցչին  ու հարգի: