Ի՞նչ է վուլվովագինիտը և ինչպիսի՞ նշաններով է արտահայտվում երեխայի մոտ

Մինչ դեռահասության տարիքը և բուն դեռահասության շրջանում  աղջիկների մոտ հաճախ հանդիպում  են վուլվովագինիտները: 

«Վուլվովագինիտը հեշտոցի և արտաքին սեռական օրգանների բորբոքային պրոցեսն է,  որի զարգացմանն առաջին հերթին նպաստում է մինչ սեռական հասունացումը էստրոգենների ցածր մակարդակը` ձևավորելով հեշտոցի միկրոֆլորայի թթվահիմնային հավասարակշռության շեղում դեպի հիմնայինի, և երկրորդը՝ կուսաթաղանթի ամբողջական լինելը, որը թույլ չի տալիս՝ հեշտոցի լորձաթաղանթի միկրոֆլորայի կողմից արտադրված հեղուկը դուրս գա: Սա  լավ միջավայր է մանրէների աճի ու բազմացման համար»,- ասում է ԵՊԲՀ-ի հրավիրված մասնագետ, «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանը: Նա շեշտում է՝ օրիորդների մոտ էլ դեռևս չկա կանացի հորմոնների համապատասխան մակարդակ:  Արդյունքում՝ չի պահպանվում հեշտոցի լորձաթաղանթի թթվահիմնային ճիշտ բալանսը, որն էլ հենց ապահովում էր պաշտպանություն բակտերիաներից և վիրուսներից: Վուլվովագինիտի առաջացման ուրիշ պատճառներ են՝

✓ Ճիճվակրությունը (օրինակ՝ սրատուտները հետանցքի հատվածում ձվադրելուց հետո կարող են տեղավորվել հեշտոցի շրջանում, բերել իրենց հետ աղիների միկրոֆլորան ու ամբողջովին խախտել հեշտոցի լորձաթաղանթի միկրոֆլորան)

✓ Սխալ հիգիենան

✓Օրգանիզմում քրոնիկ բորբոքային հիվանդությունները (փուչ ատամներ, սուր կամ քրոնիկ ընթացող տոնզիլիտ, սուր շնչական վիրուսներ և այլն)

✓ Հակաբորբոքային դեղորայքի անհիմն ընդունումը։

Վուլվովագինիտի ժամանակ նկատվում են տարբեր ախտանիշներ՝ քոր, մրմռոց, հեշտոցից արտադրություն՝ սպիտակ գույնից մինչև դեղնականաչավուն ու շագանակագույն: Հնարավոր է՝ սուր վուլվովագինիտի դեպքում ունենանք  ալ կարմիր արյան հետքերով արտադրություն կամ առատ արյան տեսքով արտադրություն։ Սա այնքան արտահայտված է լինում, որ մայրիկին թվում է՝ բալիկի մոտ ի հայտ է եկել վաղաժամ սեռահասունացում՝ առաջին դաշտանի տեսքով: Կարող են դիտվել նաև հաճախամիզություն, այրոց, աճուկային և գոտկային հատվածի ցավեր, դիսկոմֆորտ, փորկապություն, փորլուծություն: Սուր  վուլվովագինիտի պարագայում կարող են նշմարվել խոցային մակերեսների առկայություն արտաքին սեռական օրգանների շրջանում, սեռական մեծ ու փոքր շրթերի այտուցվածություն, բարտոլինյան գեղձի բորբոքումներ՝ ստեղծելով սեռավարակին բնորոշ պատկեր:

Վերը թվարկված նշանների առկայության պարագայում  հարկավոր է դիմել մանկական գինեկոլոգի: Բժիշկն արտաքին սեռական օրգանների զննման միջոցով կգնահատի ախտաբանական պրոցեսի առկայությունը և աստիճանը, ապա կնշանակի կլինիկոլաբորատոր հետազոտություններ: Անհրաժեշտության դեպքում անցկացնում են  հեշտոցի արտադրության քսուքի և բակտերիոլոգիական  հետազոտություն, մեզի ու արյան քննություն, փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ: Վուլվովագինիտն աչքաթող անել չի կարելի, քանի որ այն կարող է բերել միզուղիների քրոնիկ ինֆեկցիայի, արգանդի լորձաթաղանթի բորբոքային երևույթների, անգամ՝ մանկական օնանիզմի:

 

 

 

 

 

Մանկական գինեկոլոգի հեռախոսահամարն է՝ 094 02 98 98, 095 02 98 98։