Ի՞նչ է գերազանցիկի սինդրոմը և ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել երեխայի մոտ

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լուսինե Գրիգորյանն «Իմ փոքրիկ»-ին պատմել է, թե ինչու և ինչպես է երեխայի մոտ ձևավորվում բոլորին գոհացնելու անառողջ հակումը։

«Դու իմ պատկերացրած երեխան չես», «Տե՛ս՝ նա ինչերի է հասել, իսկ դու՞», «Ինձ հիասթափեցրել ես» և նմանատիպ այլ արտահայտություններ կիրառելով, սեփական բալիկին այլ փոքրիկների հետ համեմատելով, գնահատականների ու շրջապատի կարծիքի վրա կենտրոնանալով՝ երբեմն ծնողները փորձում են փոխել կամ մոտիվացնել երեխային։ Նրանց թվում է՝ ճիշտ են, և մեկ վայրկյան չանցած՝ փոքրիկը կբռնի հաջողության ճանապարհը։ Դա, ցավոք, իրականությունից բավականին հեռու է։  Միգուցե երեխան սկսի գործել, բայց միայն այն պատճառով, որ կարծում է՝ ծնողներն իրեն կսիրեն լավ հեղինակության ու վարքի համար։ Այլ կերպ ասած՝ կամաց-կամաց զարգանում է գերազանցիկի սինդրոմ։

Գերազանցիկի սինդրոմը (պերֆեկցիոնիզմ) կատարյալ արդյունքի հասնելու ձգտումն է, անձի կողմից՝ իր և շրջապատի հանդեպ ունեցած բարձր պահանջները։ Այս սինդրոմի վտանգավորությունը մշտական լարվածությունն է, որը կարող է անդրադառնալ երեխայի հոգեբանական վիճակի վրա, ունենալ մարմնային դրսևորումներ՝ սրտխփոցներ, ցավեր ընդհանուր որովայնի շրջանում, ստամոքսի հատվածում։ Սրանք հատկապես պատասխանատու պահերին առկա գերլարվածության հետևանքներ են, երբ գերազանցիկը ֆիքսվում է ամենալավ արդյունքի վրա, չի ցանկանում տեսնել այլ պատկեր։ Մշտապես բոլորին գոհացնելու միտումը բալիկի մոտ բավարարում է այնպիսի պահանջմունք, ինչպիսին է գնահատված, սիրված լինելը։ Տվյալ պարագայում կարող է լինել նաև անվստահություն, երբ, գոհացնելով ուրիշներին ու ստանալով համապատասխան դրական արձագանք իր անձի հանդեպ, փոքրիկն այլոց միջոցով սկսում է արժևորել իրեն։ Փոքրիկի մոտ արտահայտվում են հոգեբանական նշաններ՝ սխալվելու վախ, կուտակված զայրույթ, գործողությունների նկատմամբ կասկածամտություն, ոչ ճկուն մտածողություն, ելքեր փնտրելու փոխարեն տագնապ։

Այս ամենն իմանալուց հետո, մեծերը պետք է հարց տան իրենց՝ ո՞րն է կարևոր․ ունենալ բարձր գնահատականներով հաճոյացող, բայց  հուզականորեն հեռացող երեխա, որի աչքերում ծնողը մեղադրող է և պահանջկո՞տ, թե՞ ունենալ երեխա, որը չի սևեռվում  գնահատականի բարձր կամ ցածր լինելու վրա, չի վախենում սխալվել, սխալներից սովորում է, ունի հուզական կապ ծնողի հետ, գիտի՝ մայրն ու հայրը հասկացող են, ոգևորող։

Հարցի պատասխանը փնտրելիս հիշեք, որ կատարյալ ոչինչ չկա, ցանկացած հաջողության հիմքում կան թույլ տրված, հաղթահարված սխալներ։ Ձգտել իդեալականին՝ նշանակում է անվերջ լինել լարվածության մեջ, չապրել «այստեղ և հիմա», հետապնդել մի բան, ինչը գոյություն չունի։ Ավելին՝ անգամ հիանալի արդյունքի հասնելու դեպքում հաճախ պերֆեկցիոնիստին չի բավարարում ունեցածը։ Հետևաբար ծնողը պետք է հարաբերությունների առողջ մոդել ցույց տա երեխային ու սովորեցնի երջանիկ լինել անգամ սխալվելուց հետո, ամենուրեք գծել սահմաններ։  

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան