Ինչպե՞ս մեծացնել հաջողակ երեխայի – մաս 1

Երբեմն կարող է թվալ, որ ձեր փոքրիկը չի կարողանում մեկ րոպե կանգ առնել, ուր մնաց, թե կարողանա ավելին անել: Բայց մի՛շտ հիշեք՝ երեխաները լավ «հումք» են սովորելու համար: Եվ այդ հումքը պետք է ճիշտ օգտագործել: Ահա այն 6 քայլերը, որոնցով կարող եք առաջանորդվել՝ երեխայի մտավոր ներուժը զարգացնելու համար.

Շատ խոսեք

Շատ երեխաներ 18 ամսականից մինչև 2 տարեկան հասակը շաբաթական մեկ նոր բառ են սովորում: 2 տարեկանում նրանք 50-100 բառ են իմանում: «Երեխայի մտածողության կանոններ» գրքի խմբագիր Թրեյսի Քաչլոուն ասում է՝ որքան շատ խոսեք փոքրիկի հետ, այնքան շատ բառեր նա կսովորի: Մասնագետները խորհուրդ են տալիս փոքրիկին պատմել ձեր օրվա մասին, այսինքն՝ երեխային խոսելով ներկայացնել այն ամենը, ինչ արել եք ու անում եք:  Քաչլոուն ասում է, որ դա երեխային նոր բառեր ներկայացնելու հիանալի տարբերակ է:

Հիմա ավելի շատ գիրք կարդալու ժամանակն է: Ձեզ անկաշկանդ պահեք այդ հարցում ևս ու գրքի տարբեր հերոսներին ներկայացրեք հենց նրանց ձայներով: Այնպես արեք, որ փոքրիկը  մշտապես «բառերի հոսքի տակ» լինի, բայց ոչ` հեռուստացույցից եկող: Հեռուստացույցի լեզուն չափազանց արագ է երեխայի համար, որպեսզի նա կարողանա այն յուրացնել, ինչպես նաև ինտերակտիվ չէ: Երեխաները ոչ միայն պետք է լսեն խոսող մարդկանց, այլև պետք է շփվեն նրանց հետ, որպեսզի յուրացրածը կիրառեն:  Զրույցի ու խոսքի մշտական հոսքի ներքո, որը կհամեմվի բազմազան բառապաշարով, երեխային կուղղորդեք դեպի կարդալու, գրելու և  ուղղախոսության հմտություններ:

 

Սովորեցրեք զգացմունքների այբուբենը

Զարգացող հուզական ինտելեկտը կարևոր է երեխայի ճանաչողական ու սոցիալական զարգացման համար: Այս պնդման հեղինակը հոգեբանության եւ նյարդաբանության դոցենտ Ռոս Ֆլոմն է: Դուք կարող եք օգնել ձեր փոքրիկին՝ յուրացնելու հուզական ազդակները կարդալու արվեստը՝ կյանքի համար անհրաժեշտ հմտություն, որն անհրաժեշտ է բոլոր ոլորտներում։ Օրինակ՝  օգնեք փոքրիկին հասկանալ`միջադեպը պատահաբա՞ր է տեղի ունեցել, թե՞ դիտավորյալ, որպեսզի նա անտեղի ոխ չպահի իր մեջ և մտածի, որ դիտավորյալ է տեղի ունեցել կատարվածը: Օրինակ`«օ՜, պատահաբար ստացվեց» բացականչությունը կարող է փոխել իրավիճակը`օգնելով երեխային հասկանալ` ինչ կատարվեց և ընկալել իրականությունը: Երեխայի արձագանքը կարևոր է, քանի որ այն երեխաները, որոնք նման իրավիճակներում սովորաբար կարծում են, թե կատարվածը միտումնավոր է արվել, վատ առաջադիմություն են ունենում կրթական, սոցիալական ու ճանաչողական շփումներում: Նույնը վերաբերում է դրական հույզերին: Օրինակ՝ եթե ձեր երեխան մեկ այլ փոքրիկի հետ ինչ-որ բան է կիսում, ժամանակ հատկացրեք ու այդ պարզ վարքի դրական հետևանքների մասին խոսեք: Կարող եք, օրինակ, նման մի բան ասել. «Տես՝ ինչպես քո վարքը երջանկացրեց նրան»:  Օգնեք երեխային զգացմունքները վերածել գործողության. այդ հմտությունը նրան կծառայի ամբողջ կյանքում:

 

Խելացի խաղեր

«Երեխայի մտածողության կանոններ» գրքի խմբագիր Թրեյսի Քաչլոուն ասում է, որ, այսպես կոչված, հասուն, դրամատիկ խաղերը շեշտը դնում են իմպուլսների կառավարման ու ինքնատիրապետման հմտությունների վրա: Նա երկու խաղ է առաջարկում խաղալ երեխայի հետ՝ օգնելու համար սովորել ու կառավարել սեփական հույզերը:

 

Խաղ 1

Վերցրեք պարզ նկարներ և մեկ առ մեկ ցուցադրեք երեխային: Ենթադրենք՝ առաջինը արևի պատկեր է: Ցույց տվեք և այնպես արեք, որ «ցերեկ»-ի փոխարեն ասի «գիշեր» կամ «արև»-ի փոխարեն «լուսին»:

 

Խաղ 2

Վերցրեք թմբուկ և հարվածեք մեկ անգամ: Երեխան, ի պատասխան, պետք է ոչ թե մեկ, այլ երկու անգամ հարվածի:

Թրեյսի Քաչլոուն ասում է, որ երկու խաղերի դեպքում էլ նպատակը մեկն է՝ այնպես անել, որ երեխան մեկ րոպե կանգ առնի, մտածի և չտա այն պատասխանը, որն առաջինն է գալիս մտքին: Այս խաղերը նախատեսված են 3-4 տարեկան երեխաների համար:

Իմպուլսները կառավարելու հմտությունը, ըստ մասնագետների, զարգացնում է գործադիր մտածողության ֆունկցիան, այսինքն՝ ուղեղի կարողությունը՝ պլանավորել, դնել նպատակներ և հետամուտ լինել առաջադրանքների կատարմանը: Մասնագետներն ասում են՝ այդ կարողությունն ավելի շատ է երաշխավորում ակադեմիական հաջողությունը, քան IQ-ն:

Աղբյուրը՝ babycenter.com