Երբեմն պատահում է, որ երեխան շարունակ մեծահասակներին հաղորդում է իր ընկերների ամեն մի արարքի, անգամ փոքր սխալների մասին:
Եթե երեխայի հաղորդած ինֆորմացիան թե մեծահասակները, թե ընկերները լուրջ չընդունեն և ոչինչ չձեռնարկեն, երեխան աստիճանաբար կհրաժարվի իր այդ սովորությունից: Սակայն, եթե նրան հաջողվի «խաբարբզիկության» միջոցով նեղություն պատճառել այլ երեխաներին, անվանարկել նրանց, ապա բամբասանքը երեխայի համար կդառնա հզոր զենք, որի միջոցով նա կարող է հաստատել իր իշխանությսունը, հաշիվներ մաքրել այլոց հետ կամ պարզապես ուշադրություն գրավել:
Այս բացասական սովորությունից ձերբազատվելու համար ծնողները մի շարք քայլեր պետք է ձեռնարկեն.
- Երեխային բացատրեք, որ կան բաներ, որոնք պետք է անտեսել և դրանց մասին հարկ չկա իրազեկել ուրիշներին: Սակայն կան այնպիսի բաներ/ օրինակ, կռիվներ, վնասվածքներ, ուրիշի ունեցվածքին վնաս պատճառելը և այլն/, որոնց մասին անպայման պետք է տեղեկացնել մեծերին:
- Երբ ձեր երեխան բամբասում է, մի արձագանքեք նրա հաղորդած տեղեկություններին: Գործեք միայն այն դեպքում, երբ հաղորդածը տեսել եք Ձեր աչքերով:
- Մի խրախուսեք երեխայի բացբերանությունը և ամեն անգամ մի վազեք ստուգելու նրա խոսքերը:
- Հետևողական եղեք երեխայի բամբասանքի հանդեպ Ձեր վերաբերմունքի մեջ: Չի կարելի մի օր արձագանքել բամբասանքին, իսկ մյուս օրը բանի տեղ չդնել այն:
- Հետևքե երեխայի խաղին, որպեսզի տեսնեք, թե ինչ է տեղի ունենում, և բամբասանքն այլևս անիմաստ լինի:
- Երբ կասկածում եք, որ երեխան Ձեզ մոտ է գալիս բամբասելու մտադրությամբ, անմիջապես կանխեք նրան` հարցնելով. «Իսկապե՞ս շատ կարևոր բան ունես ասելու, որ չես կարող առանց ինձ լուծել»:
- Երբ երեխան սկսի բամբասել, հրաժարվեք նրան լսել:
- Սովորեցրեք երեխային խնդիրները լուծել առանց բամբասանքի: Օրինակ, երեխան կարող է բացեիբաց արտահայտել իր կարծիքը, թողնել գնալ, անտեսել խնդիրը, կամ զգուշացնել մյուս երեխաներին, որ դադարեն իրենց այդպես պահել, որպեսզի նա ստիպված չլինի պատմել դրա մասին:
- Քննարկեք երեխայի հետ, թե ինչ կարող են զգալ այն երեխաները, որոնց մասին նա բամբասում է:
- Նշեք, որ երեխաները սովորաբար չեն սիրում խաղալ այնպիսի երեխայի հետ, որն իսկույն «տեղ է հասցնում» իրենց մասին ամեն մանրուք:
- Երբ երեխան հյուր ընդունելու կամ հյուր գնալու լինի, նախապես հիշեցրեք, թե երբ է պատմելը տեղին, իսկ երբ` ոչ:
- Գովեք երեխային, երբ նա բամբասելու փոխարեն անտեսի մեկ այլ երեխայի փոքրիկ թերացումը:
- Ցույց տվեք, որ գնահատում եք համագործակցությունը և ուրիշների հետ լեզու գտնելու նրա ջանքերը:
Նյութն ըստ «Այնքա~ն ծանոթ և այնքա~ն անծանոթ... մեր երեխան»
ձեռնարկի, Երևան, 2006թ.